Ինչպես ներկայացնում է «Արմենպրես»-ի սեփ. թղթ. Արմենուհի Մխոյանը, մարզպետարանների վերակազմավորում կլինի, սակայն կապված իրավիճակի հետ (համավարակ, ապա նաև պատերազմ) այս պահին վերակազմավորումներ չեն լինի: Այս մասին հունվարի 26-ին Գյումրիում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Վերակազմավորման պատճառով կլինեն նաև կրճատումներ, իսկ հիմա ես դա ճիշտ չեմ համարում: Միանշանակ այդ քային գնալու ենք, բայց ժամանալը պետք է պատեհ լինի»,- նշեց Սուրեն Պապիկայնը՝ տեղեկացնելով, որ կշարունակվի նաև համայնքների խոշորացման ծրագիրը:
Սուրեն Պապիկյանը նաև հերքեց Շիրակի մարզպետ լինելու տարբեր անձանց հրաժարականների մասին տեղեկությունը: «Նման բան չկա, միակ մարդը, ում առաջարկվել է մարզպետի պաշտոնը, Հովհաննես Հարությունյանն է, ով էլ համաձայնել է առաջարկին ու այս դժվարին ժամանակաշրջանում բեռը վերցրել է իր ուսերին»: Անդրադառնալով միայն վերջին երկուսուկես տարվա ընթացքում Շիրակի արդեն երրորդ մազպետի նշանակման փաստին՝ նախարարը փաստեց՝ փոփոխությունները պայմանավորված են եղել տարբեր հանգամանքներով, և դա բնականոն փոփոխություն է: «Մարզը մարզպետների փոփոխությունից չի տուժելու՝ անձերով ամեն ինչ չպայամանվորենք»:
Անդրադառնալով Շիրակի մարզում 2021 թվականի նախատեսվող ծրագերին ու առկա խնդիրներին՝ առանձնացվեց 62 գերիների հարցը: «Մի բան հստակ է՝ մեր 62 եղբայրների՝ Ադրբեջանում լինելը հաստատված է նաև Կարմիր խաչի կողմից, և դա երաշխավորում է նրանց անվտանգությունն ու ասում է, որ նրանց կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա: Հիմա պետք է աշխատենք նրանց վերադարձի ուղղությամբ՝ ամենօրյա ռեժիմով»: 2020 թ. Շիրակի մարզում 2.8 մլդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել: Այս տարի կլինի Գյումրիի փողոցաշինության շարունակականությունը՝ 21 փողոց Գյումրիում կվերականգնվի, նախատեսվել է նաև քաղաքի «Սլաբոդկա» հատվածի վերականգնումը: «Ինչ ծրագրել ենք, այն կանենք, չեմ տեսնում խոչընդոտ՝ ոչ տրամադրվածության, ոչ ֆինանսական առումով»:
Խոսելով «Իմ քայլի» կողմից Շիրակի մարզում իրականացրած տեսանելի աշխատանքների մասին՝ Սուրեն Պապիկյան առանձնացրեց Գյումրիի կենտրոնական հատվածում կատարված աշխատանքները: «Միայն դա չէ. հսկայանածավալ աշխատանք է կատարվել, որը մինչ այդ չէր իրականացվել: 2020 թվականին Հայաստանում միայն ներհամայնքային 150 կմ ճանապարհ է կառուցվել, և սրա մեծ մասը բաժին է ընկնում Շիրակի մարզին, իսկ նախկինում՝ նախկին իշխանությունները 80-120 կմ են կառուցել. սա միայն ճանապարահաշինության մասով»,-նշեց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ այս տարի կավարտվի նաև Գյումրիում տնակային վերջին մանկապարտեզի շինարարությունը: Եղանակների բարելավման հետ կվերսկսվեն նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի վերակառուցման աշխատանքները: «Կարծում եմ նաև, որ աշխատանքները կկրկնապատկվեն»,- նշեց Սուրեն Պապիկյանը: