Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Իրինա Հարությունյանը շուրջ մեկ տարվա հարկադրված ընդմիջումից հետո այս շրջանում պատրաստվում է թատերաշրջանի բացմանը: Նրա մասնակցությամբ «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն օրերս է ավարտվել: Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան ասաց, որ կկարոտի հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարը, որովհետև նման կերպար նախկինում չէր ունեցել:
«Իմ կերպարի համար կտրուկ զարգացումն այնքանով էր, որ երեխաներս երջանիկ եղան: Կերպարս այն հայ կանանցից էր, ով իր երջանկությունը դնում էր մի կողմ՝ հանուն երեխաների: Ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ: Նա բավականին երիտասարդ կին էր, բայց չուներ ամուսին ու նվիրվել էր երեխաներին: Նախկինում հիմնականում մարմնավորել եմ ուժեղ, կայացած կանանց, այս կերպարս կկարոտեմ, որովհետև վերջին մեկ տարվա ընթացքում շատ էի կապվել նրա հետ: Առաջին անգամ էի աշխատում ստեղծագործական այդ թիմի, դերասանների հետ, բոլորի հետ արագ ընկերացա ու արդեն կարոտել եմ» ,- ասաց դերասանուհին:
Իրինայի խոսքով՝ օրերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: « անձնական նպատակներով մեկնել էի Ռուսաստան: Մոտ 1,5 ամիս Հայաստանում չէի, օրերս եմ վերադարձել, նոր եմ սկսում հարմարվել ու վերադառնալ աշխատանքիս: Ուրախությամբ պետք է ասեմ, որ թատրոնի դռները շուտով կբացվեն և երկար դադարից հետո կվերադառնանք բեմ՝ չնայած այս դադարի ընթացքում թատրոնի բակում հասցրինք ներկայացման պրեմիերա ունենալ: «Գարդենիա» ներկայացումը կխաղանք նաև թատրոնի ներսում, հիմա փորձեր ենք անում՝ այն հարմարեցնելով թատրոնի ներսում գտնվող բեմին. փետրվարի 21-ին կլինի ներկայացման առաջնախաղը»,- ասաց նա:
Ըստ դերասանուհու՝ հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու առաջարկներ այս պահին դեռ չունի, բայց խելամիտ առաջարկները չի մերժի: «Անկեղծ ասած, ես դադարի կարիք չունեմ, երբեք էլ չեմ ունեցել: Դադար եմ ունեցել միայն թատրոնում, բայց Փառք Աստծո, մոտ երեք տարի է՝ վերադարձել եմ: Անգամ, երբ երեխաս նորածին էր, ես նկարահանվում էի: Այնպես չէ, որ հոգնած եմ կամ ձանձրացել եմ իմ դերերից, ամեն կերպար նոր է՝ իր հետաքրքրություններով: Կարծում եմ՝ դերասանը պետք է միշտ աշխատանքային վիճակի մեջ լինի: Եթե դադար ունենամ, դա պայմանավորված կլինի միայն այն հանգամանքով, որ տվյալ առաջարկն ինձ դուր չի գա» ,- նշեց նա:
Հարցին, թե հեռուստասերիալները չե՞ն հոգնեցնում, Իրինան պատասխանեց. «Ամեն ինչում իմաստ կա: Եթե իրադարձությունները դինամիկ են, փոփոխություններ կան, կերպարը կերտում ես նորովի, զարգացումներ են լինում, այն դառնում է քո կյանքի մի մասնիկը: Այն, ինչ կատարվում է սերիալում, կարծես, վերապրես կերպարիդ հետ: Այսքան տարիների ընթացքում չի եղել մի կերպար, որից հոգնեմ: Անգամ, երբ ինչ-որ վատ ժամանակահատված է եղել կերպարի մոտ, հաղթահարել եմ այն: Հեռուստադիտողները հաճախ հարցնում են՝ սերիալն ինչո՞ւ չի ավարտվում, բայց դիտում են, որովհետև իրենց հետաքրքիր է: Իսկ եթե նրանց դուր է գալիս, ունի վարկանիշ, ինչո՞ւ չերկարացնել և տրամաբանական ավարտին չհասցնել սերիալը»: