Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր․ փաստաբանը չակերտներ է բացում
Advertisement 1000 x 90

Մտածում էի՝ չափազանցնում է, ասաց՝ կապրենք, կտեսնենք, փաստորեն, գեներալը ճիշտ էր․ փաստաբանը չակերտներ է բացում

Մանվել Գրիգորյանի անունը կրկին շահարկում են՝ ժողովրդի ուշադրությունն իրական պրոբլեմներից շեղելու համար։ Գեներալը չի կարող պատասխան տալ իր հասցեին հնչող մեկնաբանություններին, բայց թող չմոռանան, որ Արցախում առնվազն հարյուրավոր Մանվելներ են ծնվել։ Երեխաների անունը դրել են Մանվել, որովհետեւ իրենց հողը ազատագրել է գեներալ Մանվել Գրիգորյանը։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում Գրիգորյանի անունը անհարկի շահարկելու իրողությանը։

Օրերս գրել էին, թե Գրիգորյանի շիրիմը պղծել են։ Գրիգորյանի փաստաբանի խոսքով՝ սա անում է այն նույն անձը, որը նախաձեռնեց Մանվել Գրիգորյանի հետապնդումը՝ հետագայում դա դարձնելով շոու: «Ժողովուրդը սկսեց շահարկումներ անել, երբ Նիկոլ Փաշինյանն իր սրտաճմլիկ ելույթում խոսեց իրականության հետ կապ չունեցող նամակներից»,- նշեց Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ հետագայում ապացուցվեց, որ ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութում ցուցադրված՝ 2016թ․-ի նամակները բերել եւ դրել էին 2018 թ․ մայիսին արտադրված պարենի մեջ ու թողել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում։

«Ամբողջ խնդիրն այն է, որ այս ամենը հիմա է ապացուցված։ Փնթի շինված գործ էր։ Երբ Փաշինյանը վստահության քվե ուներ, խոսում էր, մարդկանց թվում էր, թե ճիշտ է ասում։ Բայց դա առաջին սուտն էր, որից հետո ստերը սկսեցին հաջորդել իրար՝ ավելի լայն ծավալով, ավելի լկտի ձեւով»,- ասաց Գրիգորյանի փաստաբանը։

Մկրտչյանը պատահական չի համարում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության կողմից գեներալների դեմ արշավը սկսվեց Արցախն ազատագրած գեներալից: «Գրիգորյանը թուրքամետ ուժերի համար իրական վտանգ էր, մի՛ մոռացեք։ Այն սարսափը, որ նա ներշնչում էր թշնամուն, ուներ նաեւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը։ Սրանք թուրքամետ, ադրբեջանամետ ուժեր են, ի սկզբանե հայերի դեմ պայքարելու նպատակով էին եկել»,- նշեց փաստաբանը։

Մկրտչյանի խոսքով՝ Գրիգորյանն այս ամենն առաջին իսկ օրվանից հասկանում էր։ «Մի անգամ ասաց․ «Սա իմ դեմ չի, երկրի դեմ է արվում»։ Թերահավատորեն պատասխանեցի՝ գեներա՛լ ջան, կարո՞ղ է չափազանցնում ես: Ասում էր՝ կապրենք, կտեսնենք։ Իրականում ապրեցինք եւ տեսանք, որ Մանվել Գրիգորյանը ճիշտ էր։ Շինծու քրեական հետապնդումով ուզում էին մարտական գեներալ վերացնել։ Այդ նույն շարքից էին Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, բոլոր հերոս գեներալների հետապնդումները։ Իհարկե, գլուխգործոցը եղել եւ շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը։ Այս գործերն իրար հետ զուգորդված էին»,- ասաց Գրիգորյանի փաստաբանը։

Ըստ նրա՝ հայ հերոս գեներալի սպանություն են կազմակերպել՝ դանդաղ, բայց պլանավորված, նպատակաուղղված։ «Մի՞թե կարծում եք՝ չէին գիտակցում, որ Մանվել Գրիգորյանին մահ են պատճառելու՝ չթողնելով գնալ արտերկիր բուժում ստանալու։ Անպայման այս իշխանությունների արարքների գնահատականը կտրվի, երբ կգան իշխանություններ, որոնք կղեկավարվեն ոչ թե դրսի պատվերով, այլ իրական հայկական պետական շահով»,- շեշտեց Մկրտչյանը։



Նման նյութեր