Մի քանի օր է՝ Ադրբեջանում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները տարաբնույթ բողոքի ակցիաներ են անցկացնում։ 17 զինծառայողների ընտանիքների անդամները բողոքում են, որ իրենց զինվորներին հուղարկավորել են Բաքվի ծայրամասային Գարադաղի շրջանի լքված մի վայրում։ Հարազատները պահանջում են զինծառայողների վերահուղարկավորել «Շեհիդների պուրակում»։
Ծնողները հայտարարել են, որ 17 զինծառայողներին՝ Բաքվի Յասամալի ու Նասիմանի շրջաններից, առանց ընտանիքների համաձայնության են հուղարկավորել Գարադաղի շրջանում՝ ճամփեզրին։ Հարազատները նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել գերեզմանոցում։ Նրանք պնդում են, որ տարածքը ճահճային է, գերեզմաններն էլ ողողված են ջրով։
Զոհվածների հարազատները հանել են շիրմաքարերը, արդյունքում պարզվել է, որ գերեզմանները ողողված են ջրով։ Սա ավելի է զայրացրել զոհվածների ծնողներին, իրավիճակը լարվել է, հարազատները փորձել են քանդել գերեզմանները։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկատությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցները գիշերել են գերեզմանոցում և հիմա էլ շարունակում են ակցիան։ Ավելի վաղ պաշտոնյաների ուշադրությունը գրավելու ու իրենց բողոքը տեղ հասցնելու համար զոհվածների հարազատները Բաքվում էին ակցիա անցկացրել՝ փակելով Թբիլիսյան խճուղին ու Պաշտպանության նախարարությանը հարակից Խորհրդարանական պողոտան։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը կամ պետական այլ կառույցներ առայժմ որևէ կերպ չեն արձագանքել այս ակցիաներին։