«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է․
«Հայո՛ց բանակ, տոնդ շնորհավոր:
Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։
Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը։
Ես գիտեմ, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք կերտել հզոր, զարգացած, բարեկեցիկ և աշխարհում իր խոսքն ունեցող պետություն։
Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը։
Սա՛ է օրվա ուղերձը, օրվա խորհուրդն ու օրվա երդումը»։