Արքայազն Հարին ծրագրում է հանդիպել հարազատներին։ Սասեքսի դուքսը Մեծ Բրիտանիա կմեկնի թագավորական պարտականություններից պաշտոնապես հրաժարվելուց հետո առաջին անգամ ընտանիքին հանդիպելու համար։
Այս տարին թագավորական ընտանիքի համար խոստանում է յուրահատուկ լինել։ Վինձորներին միանգամից երկու հոբելյան է սպասվում. Եղիսաբեթ Երկրորդը կդառնա 95 տարեկան, իսկ արքայազն Ֆիլիպը՝ 100։ Այդ առիթով ամռան սկզբին տոնակատարություններ են սպասվում։ Թեեւ Բրիտանիայի թագուհու ծննդյան օրն ապրիլին է, տոնակատարություններն ավանդաբար ուշ են անակացնում, երբ Մեծ Բրիտանիայում լավ եղանակ է լինում։
Սակայն համավարակի հետեւանքով տոնակատարություններն, ինչպես եւ Հարիի այցը հարցականի տակ են։ Ինսայդերները հայտնել են, որ դուքսը ցանկանում է Լոնդոն մեկնել ամռան սկզբին։ Մեգան Մարքլը մեկուկես տարեկան որդու՝ Արչիի հետ «անձնական պատճառներով» Ամերիկայում կմնա։ Այդ պատճառները չեն նշվում, սակայն զույգի շրջապատից Daily Mail-ին հայտնել են, որ Մեգանն ու Հարին ամեն ինչ մանրամասն մտածել են՝ քննարկելով կողմ եւ դեմ փաստարկները։
Ինսայդերը հայտնել է, որ Հարիի հանդիպումը հարազատների հետ առանց Մեգանի նվազ լարված կանցնի։ Թագուհին թոռանն ու նրա կնոջը հստակ հասկացրել է, որ բոլորն ուրախ են տեսնել նրանց, անկախ սկանդալային «Մեգզիթից» ու Ամերիկա տեղափոխվելուց։ Ամեն դեպքում, բոլորը հասկանում են, որ եթե Մեգանը եւս հանդիպի թագավորական ընտանիքի հետ, նրա մասնակցությամբ հանրային միջոցառումների նկատմամբ առանձնակի ուշադրություն է լինելու. Հարին չի ցանկացել, որ ընտանիքը քննարկման օբյեկտ դառնա։