Ամեն ինչ հայկական ֆուտբոլի մասին և ոչ միայն՝ AFScore հայալեզու հավելվածում
Advertisement 1000 x 90

Ամեն ինչ հայկական ֆուտբոլի մասին և ոչ միայն՝ AFScore հայալեզու հավելվածում

Հայկական ֆուտբոլային վիճակագրությունը, խաղերը և մյուս բոլոր մանրամասները մեկտեղվել են հայալեզու AFScore հավելվածում։ Վերջինս մրցաշրջանից առաջ արդեն հասանելի էր Android-ի օգտատերերի համար և օրերս հասանելի է դարձել նաև iOS-ի համար։

Հավելվածի հիմնադիր Ռոբերտ Մարկոսյանը 168․am-ին է պատմել գաղափարի և դրա իրականացման փուլերի մասին։

«Հավելված ստեղծելու գաղափարը եղել է գործընկերոջս՝ Արմեն Մելքումյանի մոտ, ով առանձնապես չէր հետաքրքրվում հայկական ֆուտբոլով, սակայն UI/UX դասընթացների էր հաճախում և առաջադրանք էր ստացել հավելված նախագծելու։ Արմենն այդ առաջադրանքն անելուց հետո մտածում է, որ կարելի է կյանքի կոչել այդ միտքը, և պատմում է ինձ այդ գաղափարը։ Ես էլ, որպես հայկական «ֆուտբոլի մարդ», ով ամենօրյա սկզբունքով առնչվում է հայկական ֆուտբոլի հետ, միանգամից հավանում եմ սկզբնական գաղափարը, և սկսում ենք ավելի կատարելագործել այն։ Արդյունքում՝ ուսումնասիրելով միջազգային փորձը և իմանալով տեղական ֆուտբոլի խնդիրներն ու պահանջարկները՝ ստեղծվում է AFScore հավելվածը։ Նպատակ ունեինք հասցնել 2020-2021 առաջնության մեկնարկին։ Ժամանակը քիչ էր, այդ իսկ պատճառով թողարկվեց միայն Android տարբերակը։ Հիմա արդեն առկա է նաև iOS-ը։

Թիմը փոքր է, մշտական սկզբունքով աշխատում ենք երեք հոգով։ Իսկական ստարտափ իրավիճակ է։ «Կողքից» օգնում են ժամանակ առ ժամանակ։ Այս պահին նախագիծը գոյատևում է մեր անձնական միջոցների շնորհիվ։ Սակայն հույս ունենք, որ մոտ ապագայում նաև այլ ռեսուրսներ կներգրավվեն։

Արդեն բավական շատ թարմացումներ ունենք նաև ֆունկցիոնալ տեսանկյունից։ AFScore-ն իդեալական հավելված է հայկական ֆուտբոլով հետաքրքրվողների համար։ Փորձում ենք կատարելագործել այն ու ավելի հարմարավետ դարձնել»։

Այս օրերին հավելվածում ավելացել է նաև տրանսֆերների բաժինը։

Հավելվածի հեղինակները նշում են, որ նախագծի հիմնական առանձնահատկությունը միջազգային հավելվածներից այն է, որ այստեղ կարելի է մանրամասն տեղեկություններ ստանալ հայկական ֆուտբոլի մասին։

«AFScore-ը հայկական հավելված է, հայերեն, և գիտի ամեն ինչ հայկական ֆուտբոլի մասին։ Ի տարբերություն միջազգային գիգանտների, որտեղ հայկական ֆուտբոլը ոչ մանրամասն է ներկայացված, մեր մոտ կա ամեն ինչ՝ մեկնարկային կազմեր, լայվ ստատիստիկա, աղյուսակ, խաղացանկ, տրանսֆերներ, խաղացողների անհատական էջեր և ստատիստիկա, և լրահոս՝ հայկական առաջատար սպորտային կայքերից»։

Սիրարփի Աղաբաբյան