Փետրվարի 1-ին պատերազմական օրերին ՊՆ ներկայացուցիչ և տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը Ազգային ժողովում մի շարք ստահոդ հայտարարություններ է արել:
Սուտ N1. Հովհաննիսյանի առաջին սուտը վերաբերվում է պատերազմական օրերին պարբերաբար արվող «Հաղթելու ենք» հայտարարություններին: Մասնավորապես, պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչու էր Հովհաննիսյանը ասում` «հաղթում ենք», «հաղթելու ենք»` Արծրուն Հովհաննիսյանը նշել է․ «Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք»։
Թարմացնելով Հովհաննիսյանի հիշողությունը` պետք է նշենք, որ վերջինս հասարակությանը 44 օր շարունակ «#Հաղթելու_ենք» ու «#Գյոռբագյոռ_2020» էր քարոզում: Հովհաննիսյանի մանիպուլյատիվ հարցադրումը ընդամենը պատասխանատվությունից խուսափելու դրսևորում է:
«Մենք հաղթելու ենք: Ես վստահ եմ, որ հաղթելու ենք»,- հայտարարում էր Հովհաննիսյանն ու հավելում, որ նա երբեք չէր ասի այդ խոսքերը, եթե դրանում համոզված չլիներ:
Ի հավելումն` նշենք, որ պատերազմական գործողությունների օրերին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին վստահեցնում էր, թե իբր «#Հաղթելու_ենք»-ը քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի. «Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու»:
Սուտ N2. Հովհաննիսյանի երկրորդ սուտը վերաբերվում է նրան, որ վերջինս պատերազմական գործողությունների ընթացքում զոհերի թվի մասին հայտարարություններ չի արել:
«Զոհերի թիվ ես չեմ ասել ընդհանրապես և պայմանավորվածության համաձայն ի սկզբանե որոշված է եղել, որ ինքը շատ նուրբ թեմա է։ Ես որևէ անգամ զոհերի թիվ չեմ ասել»,- լրագրողների հետ զրույցում պնդել է Հովհաննիսյանը:
Այնուամենայնիվ պետք է նշենք, որ վերջինս 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնապես հայտարարել էր, որ հայկական կողմի զոհերի թիվը չի գերազանցում 2000-ը:
«Մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից»,- երդվում էր Արծրուն Հովհաննիսյանը:
Բացի այդ, Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հայկական կողմն անգամ հրապարակված տվյալների կրկնապատիկի չափով կորուստներ չունի, մինչդեռ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրերս նշել է, որ հայկական կողմի զոհերի թիվը չի գերազանցում 4000-ը:
Սուտ N3. ՊՆ նախկին մամուլի խոսնակի երրորդ սուտը վերաբերվում է նրա քաղաքական հայտարարություններին:
Պետք է փաստել, որ պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը զբաղվում էր Փաշինյանի ու գործող կառավարության պրոպագանդայով, հայտարարում էր, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել հայկական բանակ, քան վերջին տասը տարում։
«2018, 2019, 2020 թվականների ընթացքում նորարարական ավելի շատ զենք է մտել հայկական բանակ, քան վերջին տասը տարիների ընթացքում։ Այդ մասին բոլորը գիտեն՝ ՏՕՌ-երը, ՍՈՒ-30-երը, ՀՕՊ սպառազինության համար չլսված, չգնահատված ԻԳԼԱ-S-երը, Վերբաները։ Մեծաքանակ», – հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր Հովհաննիսյանը:
«Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը»,- Հովհաննիսյանի հայտարարություններին այսպես էր արձագանքել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:
Ի պատասխան՝ Հովհաննիսյանը գրել էր. «Տիրապետման մասին եք ուզում լսել, ուրեմն բռնվեք»:
Արծրունյան այս ակնհայտ ստերն ու մանիպուլյացիաներն այնքան էին զայրացրել հասարակությանը, որ մի խումբ քաղաքացիներ հրապարակավ ամոթանք էին տվել վերջինիս, այդ թվում նաև 44-օրյա պատերազմի ընթացքում ստեր տարածելու համար:
Ավելին՝ տեսանյութում: