Ես նման հայտարարություն չեմ արել այդ համատեքստում, բայց պետք է նորից նայեմ տեսանյութը: Հանդիպման նպատակը միտված էր տարածաշրջանային անվտանգության քննարկմանը, և ես կոչ արեցի թուրքական, ադրբեջանական խոսնակներին, որ ինձ չսադրեն և քննարկումը տարրական բանավեճի չվերածեն: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տարածվում է Անուշ Բեղլոյանի մասնակցությամբ «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսը, որտեղ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը, թե կարևոր չէ՝ ում պատմական հողն է, և ով է սկսել պատերազմը:
«Եթե տեսանյութը դիտեք, ուշադիր լսեք իմ խոսքի համատեքստը, ապա այս հարցը չէր առաջանա, քանի որ ես պատասխանվել եմ Թուրքիայի ներկայացուցչին, որն ասաց՝ պատերազմի ընթացքում պատմական արդարություն է վերականգնվել: Սա կարելի դիտարկել որպես սադրիչ հայտարարություն, և իմ պատասխանը բառացի հետևյալն էր, որ հայերից ավելի լավ որևէ մեկը չի կարող ցիտել անտիկ գրողներին, մենք շատ լավ կարողանում ենք պատմական մեջբերումներ անել և այն խոսակցությունները, որոնք տարվել են 30 տարի կողմերի միջև, այս պահին և այս համատեքստում կոնստրուկտիվ չեն և չեն բերի որևէ դրական արդյունքի, այդ քննարկումներում հայերից լավ որևէ մեկը չի կարող ապացուցել պատմական արդարությունը»,-ասաց նա և հավելեց, որ ասել է՝ եկեք, նայենք ապագային, և թե ինչպես է տարածաշրջանն այսուհետ ապրելու:
Պատգամավորը նշեց, որ բոլորը կարող են այդ քննարկումը դիտել իր էջից, քանի որ այն հայերի համար բավական բարենպաստ և արդյունավետ էր: Նա ընդգծեց, որ բավական դրական արձագանքներ է ստացել՝ թե՛ դեսպանական համայնքից, թե՛ փորձագետներից և այս քննարկումների ընթացքում պարզ դարձավ, թե ովքեր են տարածաշրջանի ագրեսորները և բռնություն հրահրողները: