Պատերազմի 44-րդ օրը բանակը դեռ 97%–ով համալրված չէր. Օհանյանը` Փաշինյանի քայլերի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պատերազմի 44-րդ օրը բանակը դեռ 97%–ով համալրված չէր. Օհանյանը` Փաշինյանի քայլերի մասին. armeniasputnik.am

Ռազմական դրության օրերին բանակի համալրումը երկրի գերագույն գլխավոր հրամանատարի գործն էր։ Այսօր` փետրվարի 3-ին, Շիրակի մարզի մտավորականների հետ կազմակերպված հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` միաժամանակ արձանագրելով, որ այդ հարցում, թե՛ նա, թե՛ գործադիր ու օրենսդիր մարմինները թերացել են։

«Ես գտնում եմ, որ գերագույն գլխավոր հրամանատարի գործն էր և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինների հմուտ կառավարմամբ մոբիլիզացնել հայությանը, մեր ջանքերը՝ բանակի համալրումը շարունակական դարձնելու համար: Այնինչ բանակի նախնական համալրման խնդիրները մինչև պատերազմի 44-րդ օրը դեռ 97 տոկոսով էին իրականացվել` չհաշված կորուստներն ու մնացած բոլոր խնդիրները»,- ասաց Օհանյանը:

Ըստ նրա` տեսանելի չեն եղել նաև երկրի տարածքում օպերատիվ պաշտպանական կահավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաև դատաիրավական համակարգի գործառույթները։

«Այսինքն` ստեղծված կարգապահական, շատ դեպքերում` հակաօրինական գործողությունների ընթացքում խիստ իրավական, վարչական միջոցների բացակայության պատճառով էր նաև, որ մենք ունեցանք պարտություններ»,– ասաց նա։

Մարտավարական օղակում, ըստ Օհանյանի, զինվորներն ու հրամանատարներն ուղղակի հերոսություններ են գործել։ Բայց թերի մոբիլիզացիայի, նյութատեխնիկական ոչ բավարար ապահովման, պատերազմական գործողությունների ժամանակ ոչ բավարար կառավարման ու խստության բացակայության հետևանքով այդ հերոսությունները ցանկալի արդյունքի չեն հանգեցրել։

«283 կմ պաշտպանության հատվածից միայն 20կմ–ում է հակառակորդին հաջողվել մխրճում իրականացնել։ Եվ այդ մխրճման հատվածում էլ իրենք զարգացրել են հարձակողական գործողությունները։ Իսկ ռազմական միտքը չի կարողացել վերախմբավորում իրականացնել և այդ հատվածը փակել` պատրաստված, կանոնավոր ստորաբաժանումներ ուղարկելով»,– ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարարն արձանագրեց, որ նշված թերությունների դիմաց պատասխանատվության ենթարկելու փոխարեն ՀՀ վարչապետը խրախուսումներ է իրականացրել` հերոսի կոչումներ շնորհելով ճեղքման հատվածում պատասխանատու զինվորականներին։ Օհանյանը վարչապետի այս քայլերը մեկնաբանում է երկու տարբերակով` կա՛մ նա չի տիրապետել իրավիճակին, կա՛մ հատուկ է արել` նահանջի նպատակ հետապնդելով։

armeniasputnik.am



Նման նյութեր