Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդհանուր առմամբ գերիների մասին 241 հարցումներ է ստացել Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններից կամ գերիների հարազատներից։
ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հարցումներից 228-ը հայ գերիների մասին են, 13-ը՝ ադրբեջանցիների։ Դատարանն ընդգծում է, որ առաջարկվել է պատասխանող կառավարությանը անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնել համապատասխան անձանց մասին։
Բացի գերիների մասին հարցումներից, ՄԻԵԴ-ը նաև երկու երկրներից գանգատներ է ստացել։ Դատարանը հիշեցնում է, որ դեռ սեպտեմբերի 29-ին բավարարել է միջանկյալ միջոցի կիրառումը` դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն:
«Դատարանը կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, հատկապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների, ներառյալ՝ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելուն: Դատարանը կոչ է արել պահպանել կոնվենցիայով իրենց պարտավորությունները, մասնավորապես հարգելով 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածը (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների արգելումը)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատին, ապա այն վերաբերում է սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված խախտումներին` մասնավորապես` քաղաքացիական բնակչության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին, քաղաքացիների նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքին, մահապատիժներին։