ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։
«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը»,– Facebook–ի իր էջում գրել է Մուսինյանը:
Նա նշել է, որ հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: