«Կոնստանտ» խմբագրական. ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, Արմեն Դարբինյա՛ն
Advertisement 1000 x 90

«Կոնստանտ» խմբագրական. ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, Արմեն Դարբինյա՛ն

Երեկվանից ֆեյսբուքյան պատիս պարբերաբար հայտնվում էր ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ տարբեր լրատվականներում զետեղված քննադատական գրառումը, որն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին։

Բացի այդ գրառումից՝ տեսա ֆեյսբուքյան մի շարք ընկերների (Ռուս-սլավոնական համալսարանի շրջանավարտների) զորակցական գրառումները, որով նրանք իրենց աջակցությունն էին հայտնում ռեկտորին։ Այս ամենը շատ հուզիչ է ու սենտիմենտալ, բայց մենք հերթական անգամ բախվում ենք մեր երկիրն այս օրին հասցրած երեսպաշտությանն ու թայֆաբազությանը։ Օրինակ՝ Արմեն Դարբինյանի գրառման բովանդակությանն անդրադառնալու իմաստ բացարձակ չեմ տեսնում, որովհետև այդ բովանդակության մեջ բացակայում էր ամենակարևորը՝ ապաշխարանքը։

Արմեն Դարբինյանին ու ոչ միայն Արմեն Դարբինյանին թվում է, որ մարդկային հիշողությունը ստից բան է, իսկ մարդկային բարոյականությունը՝ խիստ աբստրակտ ու պայմանական հասկացողություն։ Ըստ այդմ՝ պարոն Դարբինյանը կարծում է, որ կարելի է 2 տարուց ավել մոլեռանդորեն ու հրապարակավ սատարել Նիկոլ Փաշինյանին, պիտակավորել ու վիրավորել Նիկոլի դեմ այդ ժամանակ պայքարող մարդկանց, գրել և ասել ամեն ցնդաբանություն և հիմարություն Նիկոլին հաճոյանալու համար, իսկ հետո, ներքաղաքական կլիմայի փոփոխության պայմաններում հայտնվելով, կտրուկ շրջադարձ անել քաղաքական հայացքներում և սկսել թունդ ընդդիմադիր խաղալ։ Եվ այդ ամենն անել այնպիսի դեմքով, ասես դու չէիր, որ տարիներ շարունակ հրամցնում էիր այն միտքը, որ Նիկոլը լավագույն բանն է, որ եղել է հայ ժողովրդի հետ։

Մարդկանց մեկ ուրիշ խումբ էլ պատրաստ է ներել այդ տհաճ անհամապատասխանությունը ոչ թե նրա համար, որ տվյալ մարդը ապաշխարել է իր մեղքերի և սխալների համար, ոչ թե նրա համար, որ անկեղծորեն ներողություն է խնդրել ու խոստովանել է իր սխալները, այլ որովհետև այս կամ այն չափով հանդիսանում է յուրային, օրինակ՝ իրենց ալմա մատերի ռեկտորն է։

Սլավոնականի շրջանավարտ սիրելի՛ ընկերներ, դա դասական թայֆաբազություն է և ազնիվ չէ։ Օրինակ՝ ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր Դարբինյանը 2019 թվականի դեկտեմբերի վերջին օրերին հայտարարել, որ Նիկոլի իշխանությունն ամբողջովին վերացրել է կլանային տնտեսությունը ՀՀ-ում, իսկ հետո ինձ արգելափակել էր ֆեյսբուքյան բուռն պոլեմիկայից հետո, երբ իմ շատ պարզ հարցադրմանը՝ արդյո՞ք Սամվել Ալեքսանյանին այլևս չի կարելի համարել կլանային տնտեսություն երևույթի ներկայացուցիչ։

Սա մի դրվագ է, որ ես շատ լավ հիշում եմ, որովհետև անձամբ եմ ականատես եղել։ Ուրիշ դրվագներ էլ կան, որոնք քիչ չեն։

Ամենազավեշտալին, որ լսել եմ, եղել է պետական հեղաշրջման օրերին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Ասում են՝ Դարբինյանն իր համալսարանի ուսանողների ներկայությամբ ցուցադրաբար զանգահարել է Կարեն Կարապետյանին ու մի մելոդրամատիկ ներկայացում է բեմադրել՝ պահանջելով վերջինիս անհապաղ հրաժարականը։

Իրականում խնդիրը ոչ միայն այս դրվագներն են, ո՛չ Դարբինյանն է, ո՛չ Դարբինյանին այսօր զորակցողները։ Խնդիրը, կրկնում եմ, այս պատմության մեջ հստակ ուրվագծվող արատավոր երևույթներն են, որոնք մեզ շրջապատում են գրեթե ամենուր։ Մարդ արարածը սխալական է։ Մարդ արարածը հաճախ կարող է սխալվել ու սխալվում է։ Բարոյական մարդը տարբերվում է անբարոյական մարդուց այդ թվում նրանով, որ ունակ է գիտակցելու գործած սխալը, ապաշխարելու դրա համար և անցնելու առաջ։ Բանական մարդն էլ տարբերվում է բանականությունից զուրկ մարդուց այդ թվում նրանով, որ դիմացինին սխալի համար ներում է գոնե այն պարագայում, երբ դիմացինը դրսևորում է մարդկային բարոյականություն և ընդունում է իր սխալը, այլ ոչ թե զուտ նրա համար, որ, օրինակ, իր համալսարանի ռեկտորն է եղել։

blognews.am



Նման նյութեր