Life.panorama.am-ի հետ զրույցում «Քարե դարդ»-ի Սիսին` դերասանուհի Անատի Սաքանյանը ամփոփել է անցնող տարին ու խոսել 2017-ից իր սպասելիքների մասին:
«2016-ն ինձ համար բավականին լավ տարի էր, քանի որ եղա շատ երկրներում, լիարժեք հանգստացա, բացի այդ իմ մասնագիտության մեջ առաջընթաց ունեցա` բազմաթիվ սեմինարների մասնակցեցի և ևս մեկ սերտիֆիկատ ավելացավ իմ աշխատանքային պատին»,- ժպիտով նշեց Անատին, իսկ հարցին, թե ո՞րն է եղել տարվա գլխավոր ձեռքբերումը, պատասխանեց.
«Որպես այդպիսին` չեմ կարող առանձնացնել, թե որն է եղել գլխավոր ձեռքբերումս, քանի որ ամեն ոլորտում էլ իմ անելիքներն ունեմ ու փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի իմ կատարած աշխատանքից գոհ լինեմ: Թերևս միայն կառանձնացնեմ այն, որ այս տարի կարողացել եմ շոփինգի հարցում ինձ զսպել ու բավական գումար խնայել, կարողացա անել բաներ, որոնք անհրաժեշտ էին ոչ միայն ինձ, այլև ընտանիքիս համար»:
Գեղեցկուհի Անատիի համար տարին հաջող էր նաև անձնական առումով, նա այլևս միայնակ չէ, սակայն այս հարցի մասին նա չցանկացավ խոսել.
«Անձնականս միայն ինձ է պատկանում, ես չեմ ցանկանում հանրայնացնել այն: Երբ պահը հասունանա, բոլորը կտեսնեն և հավելյալ բաներ ասելու կարիք չի լինի»,- ընդգծեց նա:
Խոսելով 2017-ի նկատմամբ իր սպասելիքների մասին` դերասանուհին նշեց.
«Գործնական իմաստով կցանկանամ ևս մի քանի սեմինարների մասնակցել և ավելի ու ավելի հմտանալ կոսմետոլոգիական ու դիմահարդարման ոլորտներում, իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքի համար ցանկություններին` կցանկանամ հաջորդ տարի ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ»:
Հետաքրքրվելով, թե ինչպես է Անատին նախատեսում նշել Ամանորը, մանրամասնեց.
«Դեռևս չեմ կողմնորոշվում Ամանորը անցկացնել Երևանում, թե արտերկրում: Ամեն դեպքում, ինչ ընտրություն էլ որ կատարեմ, հաստատ կընտրեմ ընտանեկան միջավայրը, այսինքն` կամ կմնամ ու ծնողներիս հետ կանցկացնեմ տոները, կամ կմեկնեմ, բայց նրանց ինձ հետ տանելու պայմանով:
Դե իսկ մեր զրույցի վերջում Անատի Սաքանյանը նախապես իր շնորհավորանքը հղեց.
«Ուզում եմ, որ մարդիկ առողջ ու անհոգ լինեն: Ժպիտը մարդկանց դեմքից կորել է, բոլորն ասես հոգսաշատ են. Ուզում եմ, որ գալիք տարում մարդիկ ուրախ լինեն, որ բոլորի միջից չարն արմատախիլ լինի ու բարությունը տիրի: Նախապես շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ»: