«Տապալված իշխանությունները ավելացնում են իրենց պարգևավճարները». YerevanToday
Advertisement 1000 x 90

«Տապալված իշխանությունները ավելացնում են իրենց պարգևավճարները». YerevanToday

Ոչ մի համաճարակ, պատերազմ, կորցրած հայրենիք և անտուն դարձած տասնյակ հազարավոր մարդիկ, հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ և գերիներ, տնտեսական խորը ճգնաժամ և սոցիալական կացության աղետալի վատթարացում հետ չեն պահում իմքայլականներին իշխանությանը ինքն իրեն պարգևավճարներ տալուց և դրանց չափը տարեց տարի բարձրացնելուց։ Արդեն հայտնի է, որ այս տարվա համար պետական համակարգում նախատեսված պարգևավճարների ֆոնդը ավելանալու է 19 մլրդ դրամով։

Թե ինչի՞ հաշվին են նախարարները, փոխնախարարները, մարզպետները, պատգամավորներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ստանալու այդ գումարը, պարզ դարձավ իմքայլական պատգամավորի՝ «անգրագետ Պողոսի» հարևան Բաբկեն Թունյանի վերջերս խորհրդարանում արած հայտարարությունից․ «Եթե ինչոր մեկն առաջարկում է պարտք չվերցնել, ապա ինքը պետք է մեզ ցույց տա նաև այն ճանապարհը, թե ո՞նց պետք է մենք պետբյուջեի ծախսերը կատարենք, ինչի՞ հաշվին պետք է աշխատավարձ, թոշակ վճարենք և այլն»։ Այսինքն, Հայաստանի կառավարությունը 750 մլն դոլար եվրոբոնդեր է թողարկում՝ պարտք վերցնում ոչ թե երկրի տնտեսության զարգացման ծրագրերի, այլ աշխատավարձեր և թոշակներ, այդ թվում պարգևավճարներ տալու համար։

Վերոնշյալ պատգամավորը մատնանշում է, որ մենք ունեցել ենք հարկերի նվազում պայմանավորված կորոնավիրուսով, փակվող ընկերություններով և նվազած հարկերով։ Այստեղ նրա հետ դժվար է չհամաձայնվել, միայն հավելելով, որ պետք է նաև նշել, թե ո՞ւմ պատճառով ենք հայտնվել նման վիճակում։ Միայն Նիկոլ Փաշինյանի և նրա շուրջ խմբվածների, այդ թվում՝ ԱԺում հայտնվածների պատճառով։ Սակայն նրանք մտադիր չեն հրաժարվել ո՛չ իշխանությունից, ո՛չ պարգևավճարներից, քանի որ այդ մարդիկ զուրկ են բարոյականությունից։

Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է պետականեկամուտների կոմիտեին հատկացվող պարգևավճարների թեման։ Հայտնի դարձավ, որ անցած տարի դրանք ավելացել են ևս 1 մլրդ դրամով և կազմել 6,8 մլրդ դրամ։ 2019 թ․-ին այս ոլորտում ստացել էին 5,8 մլրդ դրամ, իսկ 2018 թ․-ին՝ 5 մլրդ դրամ։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ են վաստակել այդ պարգևավճարները ՊԵԿ պաշտոնյաները։

Անցած տարի 2020 թ․-ին հարկային եկամուտները մոտ 79 մլրդ դրամով պակաս են հավաքվել, ևս 53 մլրդ դրամ էլ ՊԵԿ-ը վերցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Այսինքն, հարկային եկամուտները թերհավաքագրումը նախորդող՝ 2019 թի տարվա համեմատ կազմել է 132 մլրդ դրամ։ Սա ոլորտի տապալման մասին վկայող ցուցանիշ է, որի համար այդ ոլորտի պատասխանատուները ոչ միայն չեն զրկվում պարգևավճարներից, այլ դեռ մի բան էլ լրացուցիչ են պարգևատրվում։

Հիշեցնենք նաև, որ դրան նախորդող տարում՝ 2019 թ․-ին էլ հարկային եկամուտների արձանագրված աճը հիմնականում պայմանավորված էր տարվա ընթացում ավտոմեքենաներ զանգվածային ներմուծումից ստացված մոտ 100 մլրդ դրամ լրացուցիչ մուտքերից։ Գործող իշխանության հետ դա կապ չուներ, քանի որ հին մաքսատուրքերով մեքենաներ ներմուծելու արտոնությունը Հայաստանը ձեռք էր բերել դեռ 2015 թ․-ին՝ ԵԱՏՄ մտնելիս։ Դա բերեց մեկ այլ խնդրի՝ զանգվածաբար ներմուծված մոտ 200 հազար մեքենաներից մոտ 90 հազար անհնար եղավ վաճառել ԵԱՏՄ երկրներում և դրանց մեծ մասը առ այսօր կայանած են Երևանի և մյուս քաղաքների փողոցներում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ մի անգամ չզգուշացրեց այս հնարավոր հետևանքների մասին, այլ միայն հավաքեց օդից ընկած եկամուտները, ստանալով իր կողմից բարձրացրած աշխատավարձերն ու պարգևավճարները։

Արա Մարտիրոսյան

yerevan.today



Նման նյութեր