Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր` փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:
Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։
Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։
Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին: