Աշխարհի առաջին բանկոմատը ստեղծել է Լյութեր Ջորջ Սիմջյանը
Advertisement 1000 x 90

Աշխարհի առաջին բանկոմատը ստեղծել է Լյութեր Ջորջ Սիմջյանը

Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ծնվել է 1905 թվականին Այնթապում։

Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև՝ Մարսել։ 1920 թվականին արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ։ Յեյլի բժշկական դպրոցի (Yale School of Medicine) լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը։ Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը։ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք։

1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն՝ Automated Teller Machine- ATM) ստեղծման գաղափարը։ Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր՝ կատարելագործելով սարքը՝ հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար։ Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր՝ Citibank) իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ՝ 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից։