Հայաստանում պրոդյուսեր, նկարիչ, ռեժիսոր Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրվեց Նամինի «Օհան Դուրյան. խորը զգացմունքների մասնագիտություն» վավերագրական ֆիլմը: «Օհան Դուրյանը հայ ժողովրդի պարծանքն է: Նա աշխարհի մակարդակով մեծանուն դիրիժոր էր, որի առջև խորնարհվում էին շատերը: Հիանալի ստեղծագործող, ով ցնցեց ողջ Մոսկվան` խորությամբ ներկայացնելով հզորագույն ստեղծագործությունները. զգում էր այն, ինչն ի զորու չէր զգալ որևէ մեկը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ստաս Նամինը:
Օհան Դուրյանի կինը`օպերային երգչուհի Ալիս Դուրյանն ընդգծեց, որ ֆիլմը դիտել է տարիներ առաջ և շատ տպավորված է: «Ստատը շատ էր սիրում Օհանին. շնորհակալ եմ նրան այս աշխատանքի համար: Կինոժապավենը նկարահանվեց այն ժամանակ, երբ Օհան Դուրյանին մեր երկրում մեծ ցավ էին պատճառել` թերագնահատելով նրա աշխատանքը: Հենց այդ ժամանակահատվածում Մոսկվայում Դուրյանի համերգներին դահլիճները լեփ-լեցուն էին: Օհանն ի դեմս Ստասի և Վահանի բազմաթիվ աջակիցներ ուներ»,-շեշտեց Ալիսը:
Վավերագրական ֆիլմը նկարահանվել է Ստաս Նամինի պրոդյուսերական կենտրոնում: Ռեժիսորն Ալեքսեյ Կիսելյովն է: Կինոնկարի զգալի մասը դիրիժորի վերջին շրջանի գործունեության մասին է, երբ նա Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր և գլխավոր դիրիժորը: