«Հրապարակը» Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մամուլի ծառայությունից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք ԱՄՆ վիզաների համար հարցազրույցների ժամկետներն հայտնի են, երբվանի՞ց են նախատեսված, հերթագրումների ժամկետները մինչև ե՞րբ են սահմանված, ի՞նչ հաճախականությամբ են հարցազրույցներ լինելու, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ գրաֆիկով։
«Երբ համավարակի հետ կապված տեղում տիրող իրավիճակը թույլ տա, դեսպանատունը կսկսի ընթացք տալ նաև ոչ-ներգաղթային և ներգաղթային վիզաների ընթացիկ գործերին։ Թե ինչ ծավալով գործեր կդիտարկվեն ու ինչ քանակության հարցազրույցներ կլինեն, պայմանավորված կլինի տեղում տիրող համավարակային իրավիճակից»,- հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից։
Դեսպանատունը նաև նշել է, որ «ոչ-ներգաղթային և ներգաղթային վիզաների բոլոր ծառայությունների մատուցումը կվերսկսվի միայն բավարար ռեսուրսների և ապահով միջավայրի առկայության դեպքում»։
«Երևանում ԱՄՆ դեսպանատունն այս պահին վիզաների հետ կապված սպասարկում ապահովում է միայն անհետաձգելի և առաքելության համար կարևոր նշանակության դեպքերում, մասնավորապես՝ ապահովելով ծառայություններ կապված IR-1/CR-1, IR-2/CR-2 և K վիզաների հետ»,- ասված է պատասխանի մեջ։