ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ցանկում փոփոխություններ են տեղի ունեցել։
Առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում 2 քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը կարող են փոխանցել ատեստատից կամ դիպլոմից:
«Ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան: Փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային 3 քննություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այսինքն` այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն 2 քննություն՝ նախկին 3-ի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ։