Քաղաքագետի կարծիքով` թե՛ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, և՛ թե Անդրանիկ Քոչարյանի պատասխանը դատապարտելի են քանի որ հասարակությունը քաղաքական ուժերին իրար դեմ ուժ կիրառելու պատվեր չի տվել։ Նրա խոսքով` հակառակը` հասարակությունն ուզում է, որ քաղաքական երկու հակադիր բևեռները քաղաքական լուծումներ գտնեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
«Երբ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ իր համար գերխնդիրը վարչապետի փոփոխությունն է և մեկ տարի հետո նոր արտահերթ ընտրություններ կանեն, այդ դիրքորոշումն ինձ համար հասկանալի չէ։ Երբ իշխանությունը հրաժարվում է արտահերթ ընտրությունների օրակարգից, դա ևս անհասկանալի է»,- ասաց նա։
Նրա խոսքով` Հայաստանի քաղաքական կյանքի երկու հակադիր բևեռները հնչեցնում են իռացիոնալ հայտարարություններ, որի հետևանքով քաղաքական լարվածությունը ոչ միայն չի լիցքաթափվում, այլ ավելի խորանում։
«Երկու կողմն էլ հնարավորինս առաջնային են համարում սեփական օրակարգն առանց կոմպրոմիսների հնարավորության քննարկելը։ Իսկ կոմպրոմիսը, ընդ որում ինստիտուցիոնալ կոմպրոմիսը, արտահերթ ընտրությունների անցկացումն է, և դրա շուրջ կոնսենսուսի ձևավորումը»,- նշեց Սուրենյանցը։
Ստեղծված իրավիճակում քաղաքագետը քաղաքացիական բախումների հավանականությունը բավականին վտանգավոր է համարում։ Այն կարող է ինստիտուցիոնալ ճգնաժամի հասցնել մեր պետականությունը, պետական կառույցները, քաղաքական համակարգը։
«Հայաստանը կարող է հայտնվել այնպիսի համապարփակ ճգնաժամի մեջ, որ մենք կարող ենք սկսենք քննարկել պետություն ունենալ-չունենալու խնդիրը։ Այս առումով թե՛ գործող իշխանությունը, թե՛ հարթակային ընդդիմությունը վաղուց դուրս են ռացիոնալ լուծումների հարթությունից»,- հավելեց քաղաքագետը։
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանի` կայծակնային արագությամբ ռազմավարական նշանակության շենքեր գրավելու հայտարարությանը, նշել էր, որ բոլորը պետք է գիտակցեն` անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, և, եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն նաև, որ դրանք գտնվում են պետական պահպանության տակ, ինչը նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու։