politik.am—ը գրում է․ «2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ Հայաստան, նա ոչինչ չուներ, ավելին, տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնների հասնող պարտքերի պատճառով: Նա հեռանալուց առաջ գրավադրել էր անգամ իր ընկերներ Ալբերտ Բազեյանին և Կիմ Բալայանին պատկանող տարբեր սեփականություններ: Բաբայանի կողմից քցված ընկերները երկար ժամանակ խոսում էին իրենց խնդիրների մասին։
Արցախի ԱԺ ընտրություններից հետո, սակայն Սամվել Բաբայանի գործերը կտրուկ լավացել են: 2020 թվականի նոյեմբերի 20-ին «Հրապարակ» օրաթերթի թղթակիցը նկատել էր Սամվել Բաբայանին BMW X7-ով, որը BMW-ի մոդելային շարքի ամենաթանկարժեք և ֆլագմանական մոդելներից է: Մեքենան սրահում արժե ավելի քան 120 հազար դոլար:
Ընդ որում, մեքենայի նման թանկարժեք ու գոլդ է նաև պետհամարանիշը` 44 OO 444, որը 8 մլն դրամ արժողության պետհամարանիշ է համարվում:
Ընտրություններից հետո, երբ Արցախում Բաբայանից հետաքրքրվել են, թե որտեղից իրեն այդ թանկարժեք մեքենան, նա հայտարարել է, թե իր Արցախի ԱԽՔ նշանակվելու կապակցությամբ այն նվիրել են ռուսաստանաբնակ իր ընկերները:
Բաբայանի այս հայտարարությունը շատերին է զարմացրել, քանի որ Ռուսաստանում նա ևս ֆինանսական խնդիրներ է ունեցել ու դժվար թե լիներ մեկը՝ ով ցանկանար Բաբայանին 120 հազար դոլար արժեցող մեքենա և ավելի քան 16 հազար դոլար արժեցող պետհամարանիշ նվիրեր:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մեքենան Բաբայանին ամենայն հավանականությամբ նվիրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործուն աջակցություն է ցուցաբերել Արայիկ Հարությունյանին, չնայած այն հանգամանքին, որ առաջին փուլում սատարում էր Մասիս Մայիլյանին: Արայիկ Հարությունյանն էլ նախագահ դառնալուց հետո առատաձեռն է գտնվել:
Սամվել Բաբայանի հետ փորձեցինք կապ հաստատել, որպեսզի պարզենք, թե, ի վերջո, ո՞վ է իրեն մեքենա նվիրել, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»: