Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:
Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ:
Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս»,-գրել է նա:
Թեմային անդրադարձել է նաև վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
Նա նշել է, որ Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, բայց «տեխնիկական անսարքության հետևանքով» հայտնվել է Թեհրանում։
«Հայկական օդանավի առևանգու՞մ, հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում։
Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:
Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
Մանրամասները հաջորդիվ։
Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»,-գրել է նա։