Այրոցը գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության ախտանշաններից մեկն է, որն իր հերթին կարող է կապված լինել կոկորդի եւ կերակրափողի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ: Այս մասին նոր հետազոտությունը հրապարակվել է Ամերիկյան ուռուցքաբանական միության CANCER ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնագետների խոսքով՝ թթվային ռեֆլյուքսը կամ այրոցը առաջացնում է կերակրափողի եւ կոկորդի հյուսվածքների վնասում, իսկ երկարատեւ ազդեցության դեպքում կարող է առաջացնել մահացու հիրվանդություն՝ քաղցկեղ:
1995-1996 թվականներին NIH-ը Թոշակառուների ամերիկյան ասոցիացիայի՝ AARP-ի հետ համատեղ հետազոտություն է անցկացրել 50-ից մինչեւ 71 տարեկան 3,5 մլն մարդու մասնակցությամբ՝ ցանկանալով պարզել սնունդի եւ առողջության միջեւ կապը:
Գիտնականները 16 տարի հետո պարզել են, որ մասնակիցների 24 տոկոսի հիվանդության պատմության մեջ ի սկզբանե եղել է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, իսկ նրանցից 931-ի մոտ զարգացել է կերակրափողի ադենոկարցինոմա, 301-ի մոտ՝ կերակրափողի հարթբջջային կարցինոմա, իսկ 876-ի մոտ՝ կոկորդի հարթբջջային կարցինոմա:
Այդ ախտորոշմամբ մարդկանց շրջանում քաղցկեղի թվարկված տեսակներից ցանկացածի զարգացման հավանականությունը 2 անգամ ավելի բարձր էր: Ընդ որում՝ բարձր ռիսկը բոլոր խմբերի համար միատեսակ է եղել՝ հաշվի առնելով սեռը, ծխելը եւ ալկոհոլի գործածումը: