Մեր բանակը եւ զինված ուժերը երբեւէ ներգրավված չեն եղել քաղաքական գործընթացներում, եւ դա շատ լավ է, մենք շատ հպարտ էինք դրանով, բայց, ցավոք, վերջին իրադարձությունները, հետպատերազմյան իրադարձությունները եւ Ղարաբաղում պատերազմի բուն ընթացքը, ինչպես նաեւ կառավարության ոչ պրոֆեսիոնալ եւ կործանարար գործողությունները հանգեցրին նրան, որ հիմա ես շատ լավ հասկանում եմ մեր բարձրաստիճան զինվորականների հոգեվիճակը եւ մտավախությունները: Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի վերջին հայտարարությունը հանրապետության վարչապետի հրաժարականի պահանջով:
Նախկին բարձրաստիճան զինվորականի խոսքով` դա մտահոգություն է, որը շատերը բողոքի դրսեւորում համարեցին: «Սա քաղաքացիական քայլ է, քանի որ այստեղ արդեն զինվորական մարդիկ չեն խոսում, ովքեր, ըստ սահմանման, պետք է խոսեն որոշակի ձեւով»,- նշեց Զաքարյանը` հավելելով, որ Հայաստանի Գլխավոր շտաբի գործողությունները չեն կարող հեղաշրջման փորձ համարվել: Սա, ըստ նախկին փոխնախարարի, տագնապալի ազդանշան է պետության կոռոզիայի եւ փլուզման մասին, որը կանգնած է անդունդի ճանապարհին:
Այս գործընթացը, ըստ Զաքարյանի, արդեն ներթափանցել է Զինված ուժերի շարքերը: Ընդ որում, նա նշեց, որ պետությունը` ի դեմս ներկայիս կառավարության, անտարբերություն է ցուցաբերում բանակում տեղի ունեցող այն բացասական գործընթացների նկատմամբ, որոնք կարող են դրա վերջնական փլուզման հանգեցնել: Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը դեպի վտանգավոր եզր է տանում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կառավարության ղեկավարն աշխատանքից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Ի պատասխան` Փաշինյանը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին եւ կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում` «հեղափոխությունը պաշտպանելու» համար: Նա նաեւ հայտնեց, որ որոշում է ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: