«Փաշինյանը հրապարակային բլեֆների է գնում, բայց տագնապն օրեցօր ուժեղանում է․ պետական կոլապսը դառնում է ակնհայտ»․ Վահե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը հրապարակային բլեֆների է գնում, բայց տագնապն օրեցօր ուժեղանում է․ պետական կոլապսը դառնում է ակնհայտ»․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց։ Զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն  հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հաշվել,  թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։

Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։

Փաշինյանն ասելիք չուներ, ցաքուցրիվ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում և չէր առաջարկում։ Երեկ նա մարդկայնորեն արձանագրեց իր սնանկությունը. իշխանության գալուց  2.5 տարի հետո վարչական ռեսուրսով բերովի մարտի 1-ի հանրահավաք-երթ անել, սեփական դեֆոլտի արձանագրումն է։

Իսկ իրավիճակը փակուղային է։ Պետական համակարգը չի աշխատում, Երևանի կենտրոնը պարալիզացված է, հիմնական փողոցը դարձել է վրանային քաղաք։ Իշխանությունը չգիտի՝ ինչ անել։ Բանակը հայտարարել է, որ այս իշխանությունը երկիրը հասցրել է կործանման եզրին։ Աննախադեպ վիճակ է ստեղծվել՝ բանակը, նախագահը, Վեհափառը, Ակադեմիան, Մայր բուհը, բազմաթիվ այլ բուհեր, սփյուռքի կառույցները, ռուսահայ բիզնես էլիտան, տասնյակ կուսակցություններ, հարյուրավոր ՀԿ-ներ, մտավորականությունը, հարյուրհազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։ Իսկ կառավարության ղեկավարը չի հեռանում, բայց և՝ չի առաջարկում ոչ մի ծրագիր՝ քաղաքական լուծումներով իրավիճակի լիցքաթափման։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը չի կարող ամեն օր վարչական ռեսուրսով հանրահավաք անել, չի կարող ամեն օր ողջ պետական համակարգը գործից կտրել և բերել հրապարակ։ Ինքը սա փայլուն հասկանում է։ Իսկ ընդդիմությունն ունի մոտիվացված 15-20 հազար, որն ամեն օր կարող է դուրս գալ փողոց։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Պետությունը չի կարող գոյատևել  հանրահավաքներով։

Այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Սա չի կարող շատ երկար շարունակվել։ Հետպատերազմյան վիրավոր երկիրը չի կարող երկար մնալ չաշխատող վիճակում. անվտանգություն, տնտեսություն, գերիներ, բանակցություններ, բանակի վերազինում-վերակազմավորում, սահմաններ… ինչպե՞ս պետք է այս ամենը արվի։

Բաղրամյան պողոտան

Հայաստանի ամենակարևոր կետն այսօր Բաղրամյան պողոտան է։ Եվ երեկ արձանագրված ամենակարևոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի օրակարգը և զարգացումների տրամաբանությունը որոշվում է Բաղրամյան պողոտայում։ Այն պողոտայում գտնվող երեք ինստիտուտներն առաջիկայում գտնելու են լուծումներ՝ պետությունը կոլապսի չտանելու համար.

1.     Նախագահի նստավայր։ Առ այս պահը Արմեն Սարգսյանը կատարում է զուսպ և հավասարակշռված քայլեր, և իր երեկվա հայտարարության մեջ ֆիքսել է, որ նախագահը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին, տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծուներ գտնելու նպատակով։

2.     Ազգային Ժողով։ Առ այս պահը ԱԺ մեծամասնությունն իրեն դրսևորում է բացարձակ անպատասխանատու, որպես պետության տակ դրված ռումբ։ Բայց դրա լիմիտը սպառվում է. Կամ կլինեն վերաիմաստավորումներ, կամ ժողովուրդը կապացուցի, որ այս ԱԺ-ն արդեն  ժողովրդինը չէ։ Ուսապարկը չի գիտակցում սահմանադրությամբ իր դերը, իսկ դա նշանակում է, որ մոտ է այն օրը, երբ մեկն ու մեկը կհայտարարի. «Պահակախումբը հոգնել է»։

3.     Ընդդիմություն։ Երեկ պարզ դարձավ հետևյալը. ընդդիմությունը ստացել է լիակատար նախաձեռնություն, և նրա որակից ու որոշումներից է մեծապես կախված հետագա ընթացքը։ Կամ արվում են անհրաժեշտ հետևություններ՝ բովանդակային,  որակական, կազմակերպչական, ռեսուրսային և այլն, ու հաշված շաբաթների ընթացքում Հայաստանում լինում է նոր իշխանություն, կամ սկսվում է հիասթափության փուլը այս հարթակից, շատերի մոտ ավարտվելու է բարոյական պատասխանատվության պահը՝17-ի կամ 6 –ի կամ մի այլ թվով ձևաչափի հանդեպ։ Ու արագ կհայտնվեն նոր մարդիկ, նոր հարթակներ, ու կլինի նոր պրոցես։

Բարդ օրվա շարունակությունը

Խնդիրը մտնում է տեխնիկական լուծումների փուլ։ Փաշինյանը հասկացել է, որ այսպես այլևս չի կարողանալու կառավարել։ Հոկտեմբերին սահմանադրական փոփոխություններ, հրապարակային կաշառքի էժան փորձ  նախագահին, նորից արտահերթի թեմա, իբր կոնսուլտացիաներ, ռեպրեսիաների սպառնալիքներ՝ դրանք դատարկ խոսքեր են։

Նա  հրապարակային բլեֆների է գնում, բայց տագնապն օր օրի ուժեղանում է, պետական կոլապսը դառնում է ակնառու։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը չի գտնում իր մեջ նկատելի որակական և կազմակերպչական անհրաժեշտ ռեսուրսներ։ Երեկվա բարդ ու  կարևոր օրվանից հետո այսօր պրոցեսը չտեղափոխել ԱԺ, որտեղ կա 2 ընդդիմադիր մեծ խմբակցություն, օրը չսկսել ԱԺ-ի դիմաց մեծ հավաքով, երբ ունես մոբիլ ու մոտիվացված հազարավոր համախոհներ՝ անկեղծ դժվար է հասկանալ։

Մի բան հստակ է՝ իրավիճակը պահանջում է քաղաքական լուծում։ Հաղթել բանակին և հաղթել շաբաթներով փողոցում կանգնած մոտիվացված տասնյակ հազարներին՝ հնարավոր չէ։ Պետք է գտնել լուծումներ։

Եվ վերջում մի նկատառում. Փաշինյանը վերջին օրերին իր համար նոր կարգախոս է գտել՝ «վերջ թավիշին», և հաճախ է այն կրկնում։ Ես չգիտեմ, թե ով է նրա խորհրդատուն, բայց, կարծում եմ, դա լավ բանի չի բերի։ Կա մի հետաքրքիր պատմություն, որը քչերը գիտեն՝ թե ինչպես ծնվեց և ով պնդեց չարաբաստիկ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը. ինչպես գիտենք՝ դա վերջացավ ողբերգությամբ։ «Վերջ թավիշին»-ը դրա նման մի բան է, երբ դա ասում ես, քո դեմ արմատական տրամադրությունները կտրուկ սրվում են՝ նման մթնոլորտում, աճող ագրեսիայի պայմաններում, փողոցում տասնյակ հազարավորների առկայության պայմաններում և թարմ Եռաբլուրի պարագայում նման բան չեն ասում։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ Փաշինյանին պետք է տալ պետական մակարդակով երաշխիքներ՝ խաղաղ և արագ հեռանալու դեպքում։ Ի դեպ, ինձ հետ շատ շատերը համաձայն չեն»։



Նման նյութեր