«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մարտի 2-ին մեկնել է Իրան: Որն է նրա այցի նպատակը՝ մեզ չհաջողվեց ճշտել։ Բայց դատելով իրադարձություններից՝ չի բացառվում, որ նրա այցը Թեհրան կապ ունի կորած «Բոինգ» ինքնաթիռի առեղծվածի հետ:
Հիշեցնենք, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության ինքնաթիռի մասին է, որը հայտնվել էր Թեհրանում: Բանն այն է, որ Fly Armenia Airways ընկերությունը պաշտոնապես դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա, սակայն խախտում է արել և վայրէջք կատարել չնախատեսված վայրում: Նկատենք, որ Հայկ Սարգսյանը երկու օր է՝ խորհրդարանում չէ, և մենք փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել հենց նրանից, սակայն Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր բոլոր նամակներին, թեև կարդում էր դրանք։
Հավելենք, որ երեկ այս հարցին խորհրդարանում անդրադարձավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. «Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Երևան»։ Վերջինս չմանրամասնեց, թե ովքեր են բանակցողները»