Merck ընկերությունը եւ ամերիկյան լաբորատորիան հայտնել են COVID-19-ի դեմ պայքարում նոր դեղամիջացի փորձարկումների հուսադրող արդյունքների մասին: Հեղինակների խոսքով՝ դեղն օգնում է նվազեցնել պացիենտի վիրուսային բեռը:
«Քանի որ հիմա գոյություն ունի SARS-CoV-2-ի դեմ հակավիրուսային դեղամիջոցների չբավարարված պահանջարկ, մենք ոգեւորված ենք այս նախնական տվյալներով»,- ասել է ամերիկյան Ridgeback Biotherapeutics ընկերության գլխավոր բժշկական տնօրեն Վենդի Փեյնթերը:
Merck-ը հունվարին դադարեցրել էր կորոնավիրուսի դեմ երկու թեկնածու պատվաստանյութերի վրա աշխատանքը, բայց շարունակել էր կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար երկու դեղամիջոցների հետազոտությունները, այդ թվում՝ մոլնուպիրավիր կոչվող նյութի հիման վրա պատրաստվող դեղամիջոցի, որը մշակվել է Ridgeback Biotherapeutics-ի հետ համատեղ: Այս դեղամիջոցը պացիենտների վիրուսային բեռը զգալիորեն նվազեցրել է 5 օրվա բուժումնից հետո:
Նոր դեղամիջոցի փորձարկումների երկրորդ փուլն անցկացվել է COVID-19-ի ախտանիշներով հոսպիտալացաված 202 մարդու շրջանում: Հեղինակների խոսքով՝ չորս անցանկալի լուրջ երեւույթներից ոչ մեկը, որոնց մասին հաղորդվել է, կապված չէր այս դեղամիջոցն ընդունելու հետ:
Merck-ն աշխատում է COVID-19-ի բուժման համար MK-711 կոչվող մեկ այլ խմելու դեղամիջոցի վրա եւս: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները ցույց են տալիս չափավոր կամ ծանր COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների շրջանում մահվան կամ շնչառական հիվանդությունների հավանականության ավելի քան 50 տոկոսով նվազում: