«ՄԻԲՍ» բժշկական կենտրոնն օրերս հերքել է մարտ 6-ին Tert.am կայքում զետեղված նյութը՝ որակելով այն ապատեղեկատվություն։ Ըստ այդմ՝ առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ չի կնքել շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի կամ 1 մլրդ ՀՀ դրամի պայմանագիր, այլ ընդհանուր 600 հազար դոլարի կամ 288 միլիոնի։ Այսինքն՝ 2018թ.-ին 25 միլիոն դրամի, 2019թ.-ին` 98 միլիոն, 2020թ.-ին` 91 միլիոն, իսկ 2021-ին` 72 միլիոն դրամի: Սրանից, իհարկե, չի բխում, որ Թորոսյանի պաշտոնավարման տարիներին նրա կնոջ «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի պետպատվերի գումարները գրեթե չեն եռապատկել․ 25 միլիոնից 98 միլիոնի։
«150 մլն դրամը բաշխվել է 26 կազմակերպություններից 25-ի միջեւ, մեկին միայն չեն տվել՝ մեզ»,- ժամանակին ասում էր դեռ ընդդիմադիր Արսեն Թորոսյանը՝ բողոքելով պետպատվերի բաշխման քաղաքականությունից։ Մինչև այնքան, երբ պարզվեց, որ մեխն էլ է իր ձեռքը, «չագուչն էլ», անմիջապես եռապատկում է կնոջ հիմնարկի պետպատվերը։ Ինքը՝ Թորոսյանի կինը ՝ Վարդանուշ Թևանյանը, պետպատվերի եռապատկումը ժամանակին կապել էր իրենց լավ աշխատանքի և հիվանդների մեծ հոսքի հետ։
Ինչևէ, ակնհայտորեն, սա վերին շեմն է, որ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման տողից հատկացվել է վերոհիշյալ համեմատաբար փոքր ու ոչ բազմապրոֆիլ բուժծառայություններ մատուցող կազմակերպությանը։ Ինչպես 2019-ին այս մասին հայտարարել էր Թորոսյանի նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը՝ նշելով, որ ողջ ուռուցքաբանության պետպատվերը (2019-ի դրությամբ) 1 միլիարդի չի հասնում։ «Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություններ, կրկնապատկեցիք։ …Եթե այդքան լավն էր, թող տասով բազմապատկեիք, թող ամբողջ ժողովուրդն այնտեղ գնա…»,- հայտարարել էր Թամամյանը։
Մեծ ու փոքր ԲԿ-ներին հատկացված գումարների անհամամասնությունը շատ լավ երևում է մեծ հիվանդանոցներին տրված պետպատվերի հետ համեմատության մեջ։ «Հրապարակը» զանգահարեց, օրինակ, «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ների տնօրեններ Միքայել Մանուկյանին և Անատոլի Գնունուն՝ պարզելու համար, թե նրանց պետպատվերը որքան է կազմում։ Թե՛ պարոն Գնունին, թե՛ Միքայել Մանուկյանը չէին հիշում, թե որքան են կազմում այդ գումարները։
Բայց «Google»-ը հզոր համակարգ է, և դրա միջոցով պարզվեց, որ «Medmedia» մասնագիտացված առողջապահական կայքի 2019թ․ հոդվածի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում «ՄԻԲՍ»-ին այս տողով տրամադրված գումարները գերազանցել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կետրոններին հատկացված գումարները 01․01.2019-ի դրությամբ։ «Արմենիա»՝ 54497․6 և 01․08․19 դրությամբ՝ 79 518,1, իսկ «ՄԻԲՍ»՝ համապատասխանաբար՝ 57037,6 և 86 934,5։
«ՄԻԲՍ»-ին իր մեծությամբ մի քանի տասնյակ անգամ գերազանցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ին 01․08․19 դրությամբ հատկացված գումարը կազմել է 125 284,5, «Աստղիկ» ԲԿ-ինը՝ 94 727․0։ «ՄԻԲՍ»՝ 86 934: Medmedia-ն այն ժամանակ կապ էր հատատել նաև «Արմենիա» հանրապետական և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հետ․ պատասխանատուներն այն ժամանակ զարմացել էին, թե ինչպես է հնարավոր, որ ահռելի բուժկենտրոններին տրամադրվի ավելի քիչ գումար, քան այլ բուժկենտրոնի, որի մասին հասարակության լայն շերտերը նույնիսկ տեղեկություն չունեն։ Պարզվում է, օրինակ, որ Լոռու մարզում անվճար մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա չի արվում։ «Լոռի Մեդ» ԲԿ-ի տնօրենը, որին զանգահարել էինք, ասաց որ ոչ միայն պետպատվերով տոմոգրաֆիա չունեն, այլև ընդհանրապես չունեն։ «Ցավոք։ ԿՏ միայն հիվանդանոցն է ողջ մարզում, իսկ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա ընդհանրապես չկա մեր մարզում։ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի պետպատվերը համապետական է: Այսինքն՝ վանաձորցին կամ ստեփանավանցին այն կարող է Երևանում անցնի կամ Գյումրիում։ Էդպես է կարգը»,- ասաց ԲԿ-ի տնօրենը։
Ի դեպ, «ՄԻԲՍ»-ի վերջին տվյալները չեն համապատասխանում հենց առողջապաhության նախարարության՝ նախկինում տրամադրած թվերին։ Շատ չէ՝ մի 3-4 միլիոնով մի դեպքում, մի 15՝ մյուս: Մասնավորապես, երբ 2019-ին Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը հայտարարել էր, որ Թորոսյանը 2019-ին կրկնապատկել է իր կնոջ կողմից ղեկավարվող «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարը, Դանիել Իոաննիսյանի FIP-ը հաջորդ օրը նյութ էր արել, որի շրջանակներում ԱՆ-ից նրանց հայտնել էին, որ 2018 թ․ ՄԻԲՍ-ին տրամադրվել է 22 միլիոն 722 հազար դրամ (ՄԻԲՍ-ի վերջին տեղեկանքում նույն՝ 2018-ի համար նշված է 25 միլիոն), իսկ 2019-ին՝ 57 միլիոն (վերջին՝ հերքման տեղեկանքում նույն 2019 թվականի համար նշված է՝ 98 )։ Հնարավոր է՝ կառարկեն, թե FIP-ի նյութն արվել է 2019-ի սեպտեմբերին, հետևաբար, մինչև տարեվերջ մնացած 3 ամիսներին էլի գումարներ են հատկացվել։ Բայց նշենք, որ առնվազն 2018 թվականի համար այս 3 միլիոնի տարբերությունը հերքել հնարավոր չէ, քանի որ 2019-ի սեպտեմբերին ԱՆ-ից տրամադրել են տվյալներ արդեն «փակված» տարվա վերաբերյալ։
Ահա այսպիսի ոչ կոռուպցիոն, մաքրամաքուր թաթիկներ։