Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են փակ պահել Դեմիրճյան փողոցը:
Նշենք, որ ցուցարարները երեկ փակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը և Դեմիրճյան փողոցում տեղադրել նոր վրաններ:
Tert.am-ի հետ զրույցում ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Մխիթարյանը նշեց, որ վաղ առավոտյան միացել է գիշերը Դեմիրճյան փողոցում անցկացրած քաղաքացիներին:
Անդրադառնալով Կառավարության այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից, Մխիթարյանը նշեց, որ համոզված է, որ Օնիկ Գասպարյանը հետքայլ չի անելու և շարունակելու է պաշտոնավարել անգամ իրավունքի ուժով որոշման ուժի մտնելու պարագայում.
«Համոզված եմ, որ դիմելու է դատարան և բեկանելու որոշումը, համոզված եմ, որ Օնիկ Գասպարյանը դեռ կպաշտոնավարի»:
Բողոքի ակցիա իրականացնող մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ գիշերել է Դեմիրճյան փողոցում՝ ավելացնելով, որ մինչև վերջ պետք է պայքարեն, որ հասնեն արդար դատին.
«Օնիկ Գասպարյանը մինչև վերջ պետք է կանգնի և պաշտպանի ժողովրդին, որովհետև նրան նշանակել էր Նիկոլ Փաշինյանը, Օնիկ Գասպարյանը զգաց իրադրությունը և չենթարկվեց Փաշինանին, նա քաջ տեղյակ է ամեն ինչից: Սա մեր պետականության և մեր ազգի խնդիրն է, մենք ինչքա՞ն պետք է այսքան գլխիկոր ման գանք, դա հարիր է միայն Փաշինյանին, որ դարձել է թուրք -ադրբեջանական ձեռքի խաղալիք: Մեր թշնամիներն ամեն րոպե մեզ ծաղրում են, ինչ անարժան խոսքեր ասես ասում, ու նա ոչ մի ծպտուն չի հանում, դա նշանակում է, որ ինքը գործակալ է, նրանց շահերն է պաշտպանում, մոռացել է հայ ազգին, պետականության շահերը, ու ժամ առաջ նրան հեռացնելը մեր փրկության խնդիրն է, մենք ամեն օր տարածքներ ենք կորցնում»:
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե ցույցերը խանգարում են գերիների վերադարձին, քաղաքացին նշեց.
«Շահարկում է, թե միտինգ եք անում, խանգարում եք գերիներին բերել, մեկն ասի՝ այ փալաս, դուք ե՞րբ գերիների մասին մտածեցիք, որ մենք էլ ձեզ խանգարեցինք, մենք 15-20 օր միտինգ չարեցինք, որ այդ հարցով զբաղվեք, բայց ո՞ր մեկն է զբաղվում: Կարո՞ղ եք նշել մի ինստիտուտ, որ զբաղվում է գերիների հարցով, բացի Մարդու իրավունքների պաշտպանից, ու ովքեր շահագրգռված են այդ հարցում, իսկ ինքն ինչի՞ առաջինը հանձնեց դիվերսանտներին, եթե նրանք մեր գերիներին չեն հանձնում: Ու մինչև այսօր ադրբեջանցին կարողանում է մտնել Սյունիքի տարածք, առևտուր անել, իրենք ոչինչ չեն անում»: