Սկանդալային հարցազրույցի թողարկումից հետո Մեգան Մարքլի հայրը վերջնագիր է ներկայացրել
Advertisement 1000 x 90

Սկանդալային հարցազրույցի թողարկումից հետո Մեգան Մարքլի հայրը վերջնագիր է ներկայացրել

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, դստերը վերջնագիր է ներկայացրել հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո, հայտնում է բրիտանական «The Guardian» թերթը։

Թոմասը հայտարարել է, որ կշարունակի շփվել մամուլի հետ եւ մեկնաբանություններ տալ այնքան ժամանակ, քանի դեռ Մեգանն իր հետ կապ չի հաստատի։ Հանդես գալով «Good Morning Britain» հեռուստատեսային նախագծում՝ Սասեքսի դքսուհու հայրը խոստովանել է, որ 2018թ․-ին ստել է դստերը, թե չի համագործակցել լրատվամիջոցների հետ։ Նրա խոսքով՝ ինքը Մեգանի հետ վերջին անգամ խոսել է նախքան նրա ու արքայազն Հարիի ամուսնությունը, որը տեղի ունենցել նույն թվականի մայիսին։

Թոմասը պետք է Մեգանին ուղեկցեր դեպի խորան, սակայն արարողությունը բաց է թողել առողջական խնդիրներ պատճառով։ Ավելի ուշ նրանք վիճել են՝ պարզելով՝ արդյոք հայրը շփվել է մամուլի հետ։ Պարզվել է, որ դքսուհու հայրն, իսկապես, տաբլոիդներին փակ տեղեկատվություն եւ լուսանկարներ է տրամադրել նախքան ամուսնությունը։

Նա նաեւ ներողություն է խնդրել, որ իր մեղքով համացանցում է հայտնվել Մեգանի հետ իր անձնական նամակագրությունը։ Ավելի ուշ Սասեքսի դքսուհին դատական հայց է ներկայացրել բրիտանական «The Mail on Sunday» պարբերականի եւ դրա մայր կազմակերպության՝ «Associated Newspapers»-ի դեմ, նամակի հատվածները հրապարակելու համար, որոնք կտրված են եղել կոնտեքստից։ Փետրվարին Մեգանը հաղթել է գործը։

«Ես ամաչում եմ իմ քայլերի համար։ Բայց մեդալը նաեւ հակառակ կողմ ունի։ Ոչ ոք չի փորձել պաշտպանել մեր ընտանիքի անդամներին։ Լրագրողները մեզ վրա հարձակվում էին ամեն օր։ Ամենավատն այն է, որ ես այլեւս ոչ մի լուր չեմ ստացել Հարիից եւ Մեգանից։ Եվ քանի որ նրանք չեն շփվում ինձ հետ, ես շփվում եմ մամուլի հետ։ Եթե նրանք մոտակա 30 օրվա ընթացքում ինձ հետ կապ չհաստատեն, ես կրկին կդիմեմ մամուլին։ Ես ուզում եմ խոսել նրանց հետ։ Երբ նրանք որոշեն շփվել ինձ հետ, ես կդադարեմ համագործակցել լրատվամիջոցների հետ»,- ասել է Թոմաս Մարքլը։

Մարտի 8-ին ամերիկյան «CBS» հեռուստաալիքը ցուցադրել է առաջին համատեղ հարցազրույցը, որն արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը տվել են ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Հարին հայտնել է, որ Մեգանի առաջին հղիության ընթացքում թագավորական ընտանիքի որոշ անդամներ անհանգստություն են հայտնել իրենց ապագա երեխայի մաշկի գույնի հետ կապված։ Մեգանը խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին բրիտանական մամուլի հալածանքի պատճառով։ Հայտնի է դարձել նաեւ, որ նրանք զրկվել են 2020թ․-ի առաջին կեսին զրկվել են թագավորական ընտանիքի ֆինանսական աջակցությունից, իսկ արքայազն Չարլզը մի քանի ամիս հրաժարվել է խոսել որդու հետ։

Մարտի 9-ին Բուքինգհեմյան պալատն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցի առնչությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Թագավորական ընտանիքը վստահեցրել է, որ լրջորեն է վերաբերում ներկայացված մեղադրանքներին եւ դրանք կքննարկի մասնավոր կարգով։

news.am