ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է թանկացել բենզինն ու դիզելային վառելիքը հայաստանյան շուկայում։
Ինչպես հայտնում են հանձնաժողովից, մանրամասն ուսումնասիրել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների գները և պարզել, որ մինչև 2021 թվականի հունվարի 14-ը հեղուկ վառելիքի տարբեր տեսակների գները բարձրացել են 10-30 դրամով։
Ինչ վերաբերում է թանկացման պատճառներին, ապա, ըստ հանձնաժողովի, դրանք մի քանիսն են` նավթամթերքի համաշխարհային շուկայի վերականգնումը և, որպես հետևանք, ձեռքբերման գների բարձրացումը, ինչպես նաև դրամի արժեզրկումը։
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ դեռ վաճառում են 2020թ.–ին ՀՀ ներկրված բենզինը, մինչդեռ 2021 թվականին ավելի բարձր գնով գնված վառելիքը վաճառելու են ավելի թանկ գնով։
ՀՀ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկան և առաջիկայում հանդես է գալու նոր հրապարակմամբ` տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ: