«ԷպիՎակԿորոնա»-յով պատվաստումից հետո կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ զարգանում է 42-րդ օրն առաջին ներարկումից հետո: Այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
«Այն [«ԷպիՎակԿորոնա»-ն] թույլ է տալիս բավականին արդյունավետ եւ կայուն իմունիտետ արտադրել, սակայն դեղամիջոցը բավականին դանդաղ է խթանում այն: Այսինքն, մենք խոսում ենք այն մասին, որ պաշտպանիչ իմունիտետ կառաջանա առաջին պատվաստումից 40-42 օր անց»,- ասել է Պոպովան:
Rbc.ru ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում այս պատվաստանյութով արդեն ավելի քան 20.000 մարդ է պատվաստվել: Ոչ մի կողմնակի ազդեցություն, ներարկման տեղում ցավից բացի, չի գրանցվել:
Հիշեցնենք, որ «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը մշակվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի կողմից: Այն գրանցվել էր Ռուսաստանում 2020 թվականի հոկտեմբերին: «Վեկտոր»-ում հայտնել են, որ իրենց պատվաստանյութն իմունիտետ է զարգացնում կորոնավիրուսի նկատմամբ առնվազն վեց ամսվա ընթացքում: Ընդ որում, դեղամիջոցի բաղադրությունը վերաօգտագործման համար որեւէ սահմանափակում չունի: