Կանադայի խորհրդարանական հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերից մեկում, որը նվիրված է նրան, թե ինչպես են կանադական սարքավորումները հայտնվել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, պարզ է դառնում, որ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը շրջանցել է երկրի կիրառած էմբարգոն Թուրքիային Bayraktar տեսակի ԱԹՍ-ների համար սարքավորումներ չվաճառելու վերաբերյալ. հայտնում է The Globe and Mail կայքը։
Կանադան շրջանցել է այդ էմբարգոն այն բանից հետո, երբ Թուրքիան հավաստիացրել է, թե այդ սարքավորումները կիրառվում են Սիրիայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Սակայն L3Harris Wescam տեխնոլոգիաները հայտնաբերվել էին Արցախյան վերջին պատերազմում՝ կիրառվելով Ադրբեջանի կողմից, այն դեպքում, երբ նման տեխնոլոգիա վաճառվել է միայն Թուրքիային։
2019 թ. Կանադան արգելել էր մի շարք զենքերի վաճառքը Թուրքիային, սակայն 2020 թ. երկիրը Թուրքիային էր վաճառել L3Harris Wescam-ի օպտիկական սարքավորումներ։
Կանադական կառավարության՝ խորհրդարանական հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերից երևում է, որ Թուրքիան ճնշում է գործադրել Կանադայի վրա՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է Սիրիայի քաղաքացիական բնակչությանը փրկելու համար, սակայն Թուրքիան կիրառում է այդ տեխնոլոգիաները Սիրիայում ընդդիմությանը օգնելու և փախստականների հոսքը կանգնեցնելու համար։
2020 թ. մայիսի 6-ի զեկույցում երկրի ԱԳՆ փոխնախարար Մարթա Մորգանը խորհուրդ էր տվել այդ ժամանակվա ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին` թույլատրել սարքավորումների արտահանումը Թուրքիա՝ նշելով, որ դա « հատուկ դեպք է»։
Թուրքիան և Կանադան ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակիցներ են, սակայն 2019 թ. հոկտեմբերին Կանադան մի շարք սահմանափակումներ էր մտցրել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման պատճառով։
Global Affairs-ը պահանջել էր բացառություն անել Թուրքիայի համար` հումանիտար պատճառաբանություններով, իսկ փոխնախարար Մորգանը հավաստիացրել էր, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոստացել է, որ կանադական սարքավորումները կկիրառվեն Իդլիբում միայն բնակչությանն ապահովելու համար։
Քելսի Գալլահերը՝ Project Plowshares սպառազինության վերահսկման կենտրոնի հետաքննող խմբից, անհեթեթ է համարում, որ Կանադան նախ 2019 թ. հոկտեմբերին զենքի էմբարգո էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ երրորդ երկիր մուտք գործելու համար, իսկ հետո դարձյալ սարքավորումներ էր արտահանել Թուրքիա՝ այդ երրորդ երկրում կիրառելու համար։
Հենց դրա շնորհիվ էլ կանադական սարքավորումները ներառվեցին այն Bayraktar-ներում, որոնք հետագայում կիրառվեցին Արցախում թուրք-ադրբեջանական ուժերի կողմից: