«Ես պետք է փորձեմ օգտագործել իմ ներուժը, բայց վերջին շրջանում իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար։ Սկզբունքորեն ինձ պետությունը միշտ օգնել է, իսկ եթե չի էլ օգնել, ապա հարգանք է ցուցաբերել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան սխալ է իմ ոլորտում, ես փորձում եմ փոխել ինչ-որ բան։ Իսկ այս դեպքում, երբ ես նախաձեռնություն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչինչ չարժե», – ասել է Արոնյանը։
Շախմատիստի խոսքով՝ իրեն՝ ապաքաղաքական մարդուն, այնպես են վերաբերվել, կարծես թե ինքն անընդհատ ինչ-որ բան է ուզում։
Մինչդեռ, գրոսմայստերի խոսքով, ինքը միայն ներկայացրել է շախմատ և շախմատի աշխարհի շահերը, չի ձգտել ֆինանսական աջակցության:
«Հարցն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ քեզ անընդհատ «տրոլլինգ» են անում։ Ասենք, հրավիրում են քեզ ինչ-որ հանդիպման, իսկ իրենք չեն էլ գալիս, այն, ինչ ասում ես, ընկալվում է որպես նախկին իշխանությունների ֆավորիտի խոսք։ Իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ դու ասում ես, ճիշտ չի կարող լինել, քանի որ դու ներկայացնում ես ինչ-որ մեկի շահերը, թեպետ իրականում դու ներկայացնում ես քո ոլորտի մասնագիտական շահերը», – ասել է Լևոն Արոնյանը։
Գրոսմայստերի կարծիքով՝ հեռանալը թույլ կտա իրացնել իր շախմատային ներուժը։
«Ես այն մարդն եմ, ով լիովին տրվում է շախմատին։ Իսկ եթե ես լիովին տրվում եմ շախմատին, ապա ուզում եմ, որ ինձ գոնե հարգանքով վերաբերվեն։ Իսկ դա հիմա չկա»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, Արոնյանն ընդգծել է, որ Հայաստանից հեռանալն իրեն մեծ ցավ է պատճառում, քանի որ «չկա ավելի մեծ հաճույք, քան ապրել հայրենի երկրում և խոսել մայրենի լեզվով»:
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին: Արոնյանն իր որոշումը հիմնավորել էր «շախմատի ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և այն հանգամանքով, որ պետությունը դադարել է աջակցել շախմատիստներին։