ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր չի ստորագրի: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ վստահեցնելով, որ Հայրենիքի փրկության շարժմանը միացած քաղաքական ուժերի դիրքորոշումը չի փոխվել՝ Փաշինյանը պետք է հեռանա ու արտահերթ ընտրությունները կազմակերպվեն առանց նրա մասնակցության: Հակառակ դեպքում դրանք կլինեն ոչ մրցակցային ու ոչ լեգիտիմ:
«Ամբողջ պրոբլեմն այն է, որ եթե Փաշինյանն ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, նա կարող է դրանք շատ հանգիստ կազմակերպել, ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն այդտեղ ոչ մի անելիք չունեն: Եթե ինքը ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, թող գնա կազմակերպի, ինչ է ուզում «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: Կարծում եմ, որ Ծառուկյանը հուշագիր Փաշինյանի հետ պետք է որ չստորագրի»,- ասաց Սաղաթելյանը:
Այն, որ 2018թ-ին «Բարգավաճ Հայաստանը» նման հուշագիր արդեն կնքել է Փաշինյանի հետ, Սաղաթելյանի պնդմամբ, չի նշանակում, թե դա կարող է կրկնվել: Այն ժամանակ, ըստ նրա Փաշինյանը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չուներ, այսօր ունի: Հետևաբար, հուշագրի կնքումն այսօր, ըստ Սաղաթելյանի, տրամաբանություն չունի:
«Եթե Փաշինյանն ուզում է հուշագիր կնքել, թող գնա կնքի իր խմբակցության պատգամավորների հետ, որովհետև ինքը նրանց չի վստահում։ Հակառակ դեպքում, ինչու պետք է ընդդիմությունը պարտավորվի, որ թեկնածու չի առաջադրելու: Անկախ նրանից՝ ընդդիմությունը կառաջադրի, թե չի առաջադրի, միևնույն է, քաղաքական մեծամասնությունն իրենն է»,- ասաց նա: