Դանդաղ քայլող մարդկանց համար COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է հատկապես վտանգավոր լինել. այս մարդկանց շրջանում հիվանդության հետեւանքով մահանալու հավանականությունը ավելի մեծ է նրանց համեմատությամբ, ովքեր արագ են քայլում: Այսպիսի եզրահանգում են կատարել Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի գիտնականները:
Մարդկանց շրջանում, որոնք դանդաղ են քայլում, կորոնավիրուսային ինֆեկցիայից մահանալու հավանականությունը գրեթե 4 անգամ մեծ է՝ նրանց համեմատությամբ, ովքեր արագ տեմպով են քայլում, հայտնում է Leicestershire Live-ը:
Հետազոտության հեղինակները վերլուծել են բրիտանական բիոբանկից (40-ից մինչեւ 69 տարեկան կես միլիոն քաղաքացիների բժշկական եւ գենային տվյալների բազա) ավելի քան 412 հազար մարդկանց ցուցանիշները՝ ուսումնասիրելով COVID-19-ով հիվանդացության, մարդու քաշի եւ քայլվածքի արագության միջեւ փոխկապվածությունը:
Պարզվել է, որ քայլվածքի դանդաղ տեմպով մարդիկ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են 3,75 անգամ ավելի հաճախ: Դրանից բացի, նորմալ քաշով եւ դանդաղ քայլել նախընտրող մարդկանց շրջանում 2,5 անգամ մեծ է COVID-19-ի ծանր ձեւի զարգացման հավանականությունը, քան ավելորդ քաշով, բայց արագ քայլող մարդկանց շրջանում: