Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին:
Արտահերթի նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ներկայացրել է Երևանի ավագանու 2016թ. գործունեության հաշվետվությունը: