Ինչու է Ռուսաստանը փոխում Հայաստան եկող գազի երթուղին. փորձագետների կարծիքներ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչու է Ռուսաստանը փոխում Հայաստան եկող գազի երթուղին. փորձագետների կարծիքներ. armeniasputnik.am

Տեղեկությունը, որ ռուսական գազը Հայաստան է հասնելու Ադրբեջանի տարածքով, հանրային լայն արձագանք ստացավ ու ոչ միանշանակ ընդունվեց այդ հարցի հետ առնչություն ունեցող երկրների փորձագիտական շրջանակների կողմից։ Շատերը սկսեցին քաղաքական ենթատեքստ փնտրել։ Կրակի վրա յուղ լցրեց ինչպես հայկական կողմի լռությունը, այնպես էլ «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» (GGTC) ՍՊԸ-ի հայտարարությունը։

Ամեն ինչ սկսվեց «Գազպրոմ էքսպորտ» ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունից։ Երեկ հայտնի դարձավ, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կմատակարարվի ոչ թե Վրաստանի, այլ Ադրբեջանի տարածքով։ Ընկերությունից նշեցին, որ պատճառը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքներն են։ Միևնույն ժամանակ այդ մասին տեղեկություն չունեին «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» (GGTC) ՍՊԸ-ում։

Նրանց ոչ հստակ պատասխանները, ինչպես նաև կոնկրետ ժամկետների չիմացությունը, մեղմ ասած, մի շարք բանավեճերի առիթ դարձան։ Փորձագետներից ոմանք անմիջապես հորդորեցին աշխարհաքաղաքական ինտրիգներ չփնտրել` նշելով, որ պատճառը զուտ տեխնիկական է, մյուսները, հակառակը, պնդեցին, որ դա անմիջական կապ ունի տարածաշրջանային քաղաքականության հետ։

Իսկ փաստացի՞

Իրավիճակը պարզելու նպատակով մենք դիմեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Ընկերության մամուլի ծառայությունից մեզ պատասխանեցին, որ գազի մատակարարումն իրականացվում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ գազատարով։ Իսկ ինչ վերաբերում է նոր երթուղու գործարկման ժամկետներին, ինչպես նաև Աբովյանի գազապահեստարանում առկա պաշարներին, ընկերությունը խոստացավ պատասխանել ավելի ուշ։

«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վահե Դավթյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում կոչ արեց աշխարհաքաղաքական ինտրիգ չփնտրել` ընդգծելով, որ խնդիրը տեխնիկական հարթությունում է։

Նա նշեց, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» հատվածում իսկապես վերանորոգման աշխատանքներ են տարվում, ինչի պատճառով գազամատակարարումը 3 շաբաթ կիրականացվի Ադրբեջանի տարածքով և Հայաստան հասնի կրկին Վրաստանից։

«Նոր երթուղին նախատեսում է, որ Ադրբեջանից ռուսական գազը կհասնի Հայաստան վրացական գազատրանսպորտային համակարգով։ Մեծ հաշվով, տվյալ երթուղով կայուն մատակարարումները «Գազպրոմ-էքսպորտ» ընկերության անմիջական պատասխանատվությունն են։ Եթե որևէ խնդիր առաջանա Ադրբեջանի տարածքում, ապա խնդիրը պետք է պարզի ռուսական ընկերությունը։ «Գազպրոմ-էքսպորտը» պայմանագրի շրջանակում պարտավորված է կոնկրետ ծավալների մատակարարումներ ապահովել դեպի Հայաստան», – ասաց Դավթյանը։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանում իսկապես կան գազի պաշարներ, որոնք թույլ են տալիս 1,5 ամիս ապահովել ներքին շուկայի պահանջարկը։

Սակայն դա չի նշանակում, թե Հայաստանի գազատրանսպորտային համակարգը պետք է անդադար և ամբողջությամբ օգտագործի ստորգետնյա գազապահեստարանում կուտակված բոլոր պաշարները։

Նա հիշեցրեց, որ ռուսական գազի մատակարարումը դադարեցվել էր նաև 2021 թվականի հունվարի կեսերին, երբ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա։ Այն ժամանակ որոշվել էր 1-2 օր օգտագործել ստորգետնյա պահեստարանի պաշարները։ Սակայն նույնիսկ նման իրավիճակում «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը կոչ էր արել բնակիչներին խնայողաբար սպառել գազը։

Նրա խոսքով` պահեստարաններում առկա պաշարի կեսի օգտագործումը կարող է վտանգ ստեղծել Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։ Դավթյանը նաև նշեց, որ վերջին տասը տարվա ընթացքում նման լայնածավալ աշխատանքներ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» հատվածում չէին եղել։ Նա նաև հիշեցրեց, որ նշված երթուղով դեպի Հայաստան գազի մատակարարման պրակտիկա եղել է նաև 2000-ականների սկզբին։

Ոչ թե տեխնիկական, այլ աշխարհաքաղաքակա՞ն հարց

Սակայն տնտեսագետ Սուրեն Պարսյանը այս ամենում աշխարհաքաղաքական հարց է տեսնում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանը խորհրդային տարիներին գազ էր ստանում Ադրբեջանի տարածքով, այլ հարց է՝ անկախության շրջանում։

«Եղել են դեպքեր, երբ գազատարները վերանորոգման կարիք են ունեցել, բայց մենք գազամատակարարման խնդրի չենք բախվել, քանի որ Աբովյանի գազապահեստարանը կարող էր ապահովել բնակչության պահանջարկը», – ասաց Պարսյանը։Փորձագետը նշեց, որ հակառակ դեպքում Հայաստանը կարող է «կապույտ վառելիք» ստանալ հարևան Իրանից, որի հետ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոպային համաձայնագիր ունի։

Նա չի բացառում, որ երկու ընկերությունների միջև կնքված կարճաժամկետ համաձայնագիրն ավելի շատ քաղաքական նպատակներ ունի, քան տնտեսական։ Ըստ նրա՝ հարցեր է առաջացնում նաև այն, որ Հայաստանի ղեկավարությունը մինչ օրս այդ առիթով մեկնաբանությամբ հանդես չի եկել և չի պարզաբանել, թե որն է երկրի շահն այս իրավիճակում։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Ռուսաստանից Հայաստան է հասել 2,2 մլրդ խմ գազ, մնացած 390 միլիարդը երկիրը բնակչության կարիքները հոգալու համար ստացել է Իրանից։

armeniasputnik.am