«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի բենզինի շուկայում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շուկայում նորահայտ «Ռան Օիլ» ընկերության սահմանած գինը վերջին օրերին խնդիրներ է առաջացրել բենզինի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների համար։ Պարզվում է, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված այս ընկերությունը «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում է 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով։
«Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց «Ռան Օիլ»՝ հետաքրքրվելու, թե ինչու են բենզինը մյուս ընկերություններից 40 դրամով էժան վաճառում։ Մեր հարցին ի պատասխան՝ ընկերությունից փոխանցեցին, որ իրենց եկամուտի հաշվին են էժանացրել, և որ բենզին ներկրում են ե՛ւ Իրանից, ե՛ւ Ռուսաստանից։ Իսկ, ահա, «Ֆլեշ»-ում անհանգիստ են. «Ռան Օիլ»-ի սահմանած ցածր գնի պատճառով սպառման ծավալները նվազել են։
«Բարձր չի, մերը ճիշտն է, նայեք Ռուսաստանում բենզինի գները, նույն «Ռեգուլյար» տեսակի բենզինի լիտրն ինչքան է այնտեղ և որքան է մեզ մոտ։ Մեր վառելիքն այսօր համաշխարհային շուկայում սահմանված գներին համապատասխան է։ Թող սպառողը առանց որևէ մեկին զգուշացնելու մոտենա, վերցնի նմուշ և տանի ստուգելու. դա հաճախորդի իրավունքն է, անգամ կնպաստենք դրան, որ տեղի ունենա»,- նկատեց «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Սիրակ Սուքիասյանը և հայտարարեց, որ իրենք բենզին ներկրում են Ռուսաստանից։
Բայց ամենաուշագրավն այն է, որ Իրանում բենզինի մեկ լիտրի միջին գինը, մարտի 15-ի տվյալներով, կազմել է շուրջ 32 դրամ։ Ի դեպ, ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում. այստեղ բենզինի մեկ լիտրի միջին գինը մարտի 15-ին կազմել է շուրջ 10 դրամ։ Նկատենք, որ բենզինի ցածր գնով Վենեսուելային հաջորդող երկիրը Իրանն է, որտեղից Հայաստանը ե՛ւ նախորդ, ե՛ւ այս տարի մեծ քանակությամբ բենզին է ներկրել։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է ՊԵԿ՝ պարզելու Իրանից ներկրվող բենզինի մաքսատուրքերի մասին. առաջիկայում պարզ կդառնա իրանական բենզինի իրական գինը մաքսազերծելուց հետո։ Այստեղ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անելիք ունի, բայց, չգիտես՝ ինչու, անգործ է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: