Արդեն մեկ ամիս է, ինչ Սոֆի Մխեյանը ներկայացրել է իր նոր` «Լեբլեբիջիների Խմբերգը» հայտնի երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ` տեսահոլովակի արձագանքների, վերջին ամիսների իր շրջագայությունների, անձնական կյանքի և 2017թ. սպասելիքների մասին:
«Առհասարակ, ինձ շատ դժվար է խոսել իմ տեսահոլովակի մասին, սակայն եթե հարցն ուղղվում է, սիրով կպատասխանեմ. այս կարճ ժամանակահատվածում տեսահոլովակն իր դիտելիության առումով շատ լավ ցուցանիշ է գրանցել. այն կես միլիոնից ավել մարդ է դիտել, ինչը շատ ոգևորիչ է: Սրանով հանդերձ, ինձ համար շատ կարևոր է նաև, թե ինչպիսի արձագանքների են արժանանում իմ աշխատանքները: «Լեբլեբիջիների Խմբերգը» երգի և տեսահոլովակի դեպքում իմ ուրախությունը կրկնակի է, քանի որ բացի այն արդյունքից, որը մենք տեսնում ենք համացանցում, ես լսում ու տեսնում եմ շատ դրական կարծիքներ»,- նշեց Սոֆի Մխեյանը` տեղեկացնելով, որ տվյալ երգը կատարելու և դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելու գաղափարն իր մոտ եղել է դեռ մեկ ու կես տարի առաջ.
«Երբեք անտարբեր չեմ եղել հայրենասիրական, ժողովրդական երգերի նկատմամբ: Շատերը գիտեն, որ ես իմ տարբեր համերգային շրջագայությունների ժամանակ բազմաթիվ հայրենասիրական, ժողովրդական երգեր եմ կատարել և կատարում եմ մինչ այսօր: Այս երգի աշխատանքները սկսել եմ մեկ ու կես տարի առաջ: Քանի որ այն ճանաչված և հին ստեղծագործություն է, ես ամենաառաջինը սկսեցի ուսումնասիրել դրա պատմությունը: Երգի գործիքավորման դիմեցի Կարեն և Սևակին, և արդեն փետրվար ամսին երգի գործիքավորման ամբողջական տարբերակը պատրաստ էր, ինչից հետո էլ արդեն ձայնագրեցի երգը: Բայց, ցավոք սրտի, ապրիլյան քառօրյա պատերազմը ամեն ինչ կանգնեցրեց, ինչից հետո ես չէի ուզում անել ոչինչ և պատրաստ էլ չէի, կոտրվեցի և մեծ դադար վերցրեցի»,- տեղեկացրեց Սոֆին`շարունակելով.
«Այդ ցավալի դեպքերից ամիսներ հետո կարծես թե հասունացավ պահը, և ես վերջապես իրականացրեցի գաղափարս: Ստացվեց այն, ինչ ստացվեց: Ես ուրախ եմ, որ ունեցա այս աշխատանքը և վստահ եմ, որ այս երգը կզբաղեցնի իր ուրույն տեղը: Հենց երկու օր առաջ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից արդեն 3-րդ տարին անընդմեջ հրավիրված էի իրենց միջոցառմանը, որի ժամանակ կատարեցի «Լեբլեբիջիների Խմբերգը»: Ելույթիս ժամանակ սիրտս այնքան էր լցված, այնպիսի մի հպարտություն էի զգում, երբ մոտ 400 աղջիկ ինձ հետ միասին կատարում էր այս ստեղծագործությունը, սա ինձ համար ուղղակի աննկարագրելի զգացողություն էր»,- մանրամասնեց Սոֆի Մխեյանը:
Ամբողջությամբ՝ Life.panorama.am