ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի, տեղումները`շատ։
Նրա խոսքով` օդերևութաբանական առանձնահատկություն կա, որը կապված է Ռուսաստանի եվրոպական հատվածի ցրտի հետ։ Ելնելով այդ առանձնահատկությունից` ցուրտ հոսանքները հաճախակի տեղաշարժվում են դեպի հարավ։
«Կանխատեսվում է, որ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, իսկ տեղումները կլինեն նորմայից շատ։ Նշեմ, որ ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է, այսինքն` ամսվա օրերի մեծ մասը հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ»,–ասաց Սուրենյանը։