Մոդել Թերեզա Մարտիրոսյանը վերջին շրջանում իր հետեւորդներին զարմացնում է նկարելու իր ունակություններով: Նրա հրապարակումների կողքով անտարբեր չի անցել նաեւ NEWS.am STYLE-ը. Թերեզայի հետ զրուցել ենք իր նոր հոգեվիճակի եւ դրանից բխող նախասիրության մասին:
Մոդելը պատմեց, որ նկարել սիրել է փոքր տարիքից, սակայն երկար տարիներ, նույնիսկ, վրձին չէր բռնել ձեռքում.
«Ինչպես շատ երեխաներ, նկարում էի պատերին: Նույնիսկ, հիշում եմ, որ տունը վերանորոգելիս այն հատվածը, որտեղ ես նկարել էի, մայրիկս անփոփոխ էր թողել: Երեւի վերջին անգամ հենց այդ տարիքում եմ նկարել…»,-վերհիշեց նա՝ հավելելով, որ նկարչական դասընթացների երբեք չի հաճախել եւ չունի մասնագիտական կրթություն.
«Երբեք ոչ մի տեղ չեմ սովորել նկարչություն, բայց շատ եմ սիրում նկարել, սակայն գիտեմ, որ հաստատ չեմ նկարում այնպես, ինչպես դա անում են տվյալ ճյուղում մասնագիտացած մարդիկ: Ես նկարում եմ սիրողական մակարդակի, բայց դա ինձ դուր է գալիս (ծիծաղում է): Երբ լուսանկար կամ տեսանյութ եմ տեղադրում՝ ցուցադրելով իմ նկարածները, բավական շատ գովեստի խոսքեր եմ ստանում, ինչն ուրախալի է, որովհետեւ ես բնույթով այնպիսի մարդ եմ, որը տեսնում է իր թերությունները՝ գիտեմ, թե ինչն եմ լավ անում, ինչը՝ վատ, ու նկարելու ընթացքն ինձ դուր է գալիս, իսկ երբ ինձ մի բան դուր է գալիս, հասկանում եմ, որ լավ է ստացվում»:
Անդրադառնալով իր նկարների թեմատիկային՝ Թերեզան նշեց.
«Իմ բոլոր նկարներում պատկերված է կինը՝ իր տարբեր դրսեւորումներով, հոգեվիճակով: Մի նկարում եւ մյուսում պատկերված կանայք, միգուցե, նույն կերպարանքն ունեն, բայց տարբեր մարդիկ են»:
Մոդելը խոսեց նաեւ իր հոգեվիճակում կատարվող փոփոխությունների մասին.
«Այս շրջանում ինձ մոտ հանգստություն է, սկսել եմ ժամանակս այնպես դասավորել, որ կարողանամ զբաղվել այն ամենով, ինչն ինձ դուր է գալիս: Սկսել եմ ավելի շատ կարդալ, միաժամանակ՝ աշխատում եմ, զբաղվում ինձանով, հետեւում արտաքինիս… Վերջին տարիներին անընդհատ աշխատանքի մեջ եմ եղել, իմ մասին մոռացել էի, հիմա սկսել եմ ինքս ինձ ավելի շատ սիրել, եւ, միգուցե, դրանից է բխում այսօրվա հոգեվիճակս: Ինքս կյանքիս այս շրջանն անվանել եմ «ռենեսանս», որովհետեւ ոչ միայն նկարչության, այլեւ այլ ասպարեզներում ինձ մոտ բացահայտել եմ ե´ւ ձգտում, ե´ւ փորձեր, ու հասկացել, որ շատ-շատ բաներ մարդը կարող է անել ցանկության դեպքում»:
Ամբողջությամբ՝ news.am