ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները: Ինչպես հայտնում են հանձնաժողովից, խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ: Պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և առևտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում նախատեսվում է նաև հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ:
«Ստացված տեղեկությունների ամփոփման և վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Ձվի շուկայում առկա իրավիճակը հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին քննարկել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում:
Քննարկվել են նաև բենզինի և դիզելային վառելիքի որակական և քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման և մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կարևորել է հանձնաժողովի և տեսչական մարմինների միջև սերտ համագործակցությունը տարբեր ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի վրա բացասական անդրադարձ ունեցող դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ, քանի որ երբեմն տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը գտնվում է այլ պետական գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում, սակայն այդ գործընթացներում հնարավոր խնդիրների առկայությունը միաժամանակ կարող է իր անուղղակի բացասական ազդեցությունը թողնել նաև համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի վրա:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am