Ինձ չեն կարող խանգարել. Առուշ Առուշանյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ինձ չեն կարող խանգարել. Առուշ Առուշանյան. pastinfo.am

«Երեք տարի է՝ ինձ հաճախակի կանչում են տարբեր հարցերի շուրջ հարցաքննության։ Կյանքում արդեն առօրյա բնույթ է կրում»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի Քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք իր նկատմամբ քրեական գործի շրջանակներում նոր հարցաքննությունների կանչվել է, թե ոչ։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում երեք անգամ այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ և հանդիպումներ ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են տարբեր գործերով կալանքի հարցեր, որոնցով Վարդապետյանի հեռանալուց հետո սկսել է հետաքրքրել Ջհանգիրյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվել են նաև դատական դեպարտամենտից փաստաբան Ամրամ Մակինյանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական փաստաթղթում։ Ըստ այդմ՝ Աննա Վարդապետյանը Գագիկ Ջհանգիրյանին այցելել է փետրվարին, բայցի այդ նա հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ ՔԿ քննիչների հետ, որոնց վարույթում են քննվում Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ քրեական գործերը։ Փաստաբան Մակինյանն ԱԱԾ ուշադրությունն է հրավիրել այս հանգամանքի վրա՝ առաջարկելով պարզել, թե ԲԴԽ անդամն ինչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս։

Առուշանյանը չցանկացավ անդրադառնալ այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպել են նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի դեմ հարուցված քրեական գործերը քննող քննիչներին։
«Ես այդ հարցով չեմ դետալանա, թե ով, ո՞ւմ հետ է հանդիպում և ինչու»։

Հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությունից հետո իր անձի նկատմամբ քաղաքական հետապնդումը նոր որակ կստանա՝ Առուշանյանը պատասխանեց, որ մտավախություն ունի միայն հայրենիքի մասին հարցերում։

«Առհասարակ կյանքում որևիցե երևույթից մտահոգվելու խնդիր չունեմ։ Մտահոգությունը կյանքում կարող է կապված լինել պետության ու պետականության հետ, որ մեր կորցրածը հետ բերենք։ Դա է իմ մտահոգությունը, իսկ անհատները, անձերը ոչ կան, ոչ էլ երբեւէ կարող են իմ համար մտահոգվելու խնդիր լինել՝ անկախ նրանից, թե դա ով է»։

Իսկ անկախ ամենից, նկատե՞լ է որոշ ուժերի կամ մարդկանց, ովքեր փորձում են իրեն ինչ որ կերպ խանգարել, Առուշանյանը պատասխանեց. «Ոչ, ոչ էլ կարող են»։

pastinfo.am



Նման նյութեր