«Նույն տրամաբանությունն է գործում է դեսպանի սպանության հարցում». արևելագետ
Advertisement 1000 x 90

«Նույն տրամաբանությունն է գործում է դեսպանի սպանության հարցում». արևելագետ

Արևելագետ Արմեն Պետրոսյանը Facebook-յան իր էջում գրում է.

Թուրքիայում զուգահեռաբար տեղի ունեցած՝ մի կողմից բողոքի ցույցերն Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ, մյուս կողմից՝ այդ երկրում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը վառ ապացույցն են այն իրողության, որ թուրքական հասարակության շրջանում (ներառյալ տարաբնույթ հասարակական, ազգայնական, կրոնական, ծայրահեղական կառույցներ) բավական խորքային, անգամ պատմական արմատներ ունեն հակաիրանականությունն ու հակառուսականությունն: Իհարկե, այդ երևույթների առավել ծայրահեղականացման վրա բավական լուրջ ազդեցություն է ունեցել Թուրքիայում արդեն շուրջ 1,5 տասնամյակ իշխող Ռ.Թ. Էրդողանի գլխավորած վարչակարգն իր իսլամական, կայսերապաշտական գաղափարախոսության հիման վրա կառուցված ներքին և արտաքին քաղաքականությամբ:

Այդ քաղաքական ուղեգիծը շատ ավելի առարկայական և կիրառական գործածություն ունեցավ հատկապես վերջին 6 տարիների ընթացքում արաբական աշխարհում և առհասարակ Մերձավոր Արևելքում ծավալված լրջագույն ռազմաքաղաքական գործընթացների հետևանքով, որոնց շրջանակներում էականորեն սրվեցին հակասություններն ու մրցակցությունը նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային առանցքային խաղացողների միջև:
Սիրիական, իրաքյան նաև այլ հիմնախնդիրները վերոնշյալ դերակատարներին բաժանել են 2 հակամարտ ճամբարների, որոնց միջև հակամարտությունը ծավալվում էր բոլոր հնարավոր ուղղություններով, բացի ուղղակի առճակատումից:

Վերոնշյալի համատեքստում, նաև Թուրքիայի և դաշնակիցների միջև տարաբնույթ խնդիրների պատճառով առաջացած անհարթ հարաբերությունները, հատկապես վերջին կես տարվա ընթացքում Էրդողանի վարչակարգին մղում էին որոշ դիվանագիտական և քաղաքական մանևրների՝ ասենք Ռուսաստանի, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում, Արևմուտքի հետ քաղաքական, տնտեսական խնդիրներին որպես հակակշիռ՝ դեպի Արևելք որոշ դիվանագիտական քայլերի իրականացում և այլն…

Այս տեսանկյունից, Թուրքիայի ներսում այսօր առկա մի շարք խնդիրներ, այդ երկրում տիրող անկայունությունն ու տեղի ունեցող աղմկալի իրադարձություններն ուղղակի հետևանք են նաև այն պարզ իրողության, որ թուրքական հասարակությունը չի հասցնում, չի կարողանում ադապտացվել երկրի իշխանությունների՝ բավական արագ փոփոխվող քաղաքական ուղեգծերին: Այսպիսով, բոլորովին կարևոր չէ, որ սիրիական հիմնախնդրի հետ կապված Անկարայի դիրքորոշման մեջ գրանցվել է շոշափելի փոփոխություն, նույն հիմնախնդրի շրջանակներում Թուրքիայի և «նախկին» հակառակորդների՝ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայում գործող վարչակարգի միջև առկա է բավական սերտ և արդյունավետ համագործակցություն, որտեղ Թուրքիայի շահերը հստակորեն երաշխավորված են:

Այս պարագայում շատ ավելի առարկայական է այն իրողությունը, որ թուրք իսլամականը, ազգայնականը, ում անցյալ 6 տարիների ընթացքում բոլոր հնարավոր քարոզչական և քաղաքական խողովակներով տրամադրել են, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգն ու նրան աջակցող Մոսկվան և Թեհրանը ցեղասպանություն են իրականացնում սիրիացի հավատակից, եղբայր ժողովրդի նկատմամբ, որ սիրիական պատերազմը նաև Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է, նրա անմիջական շահերի առկայության տարածք և այլն, չի կարող համարժեքորեն ադապտացվել և արձագանքել 3-4 ամիսների ընթացքում տեղ գտած Թուրքիայի՝ սիրիական քաղաքականության մեջ տեղ գտած նոր մոտեցումներին:

Թերևս նույն համատեքստում է նաև, ասենք, Մոսկվայի արձագանքը վերոնշյալ գործընթացների հետ կապված: Ինչ, խոսք որևէ դեսպանընկալ երկրում այլ պետության դիվանագիտական ներկայացուցչության, նրա աշխատակիցների, առավել ևս ղեկավարի դեմ հարձակումները, նշանակում են հարձակում այդ պետության դեմ: Բայց ՌԴ դեսպանի սպանությունը դասական ահաբեկչություն էր, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ բողոքի գործողությունները՝ թուրք հասարակության առանձին տարրերի ուղղակի արձագանքը՝ Սիրիայում ծավալվող վերջին զարգացումների հետ կապված:

Թերևս, հենց այդ դիտանկյունից է ընկալելի դառնում նաև Ռուսաստանի իշխանությունների արձագանքը սեփական դեսպանի սպանության հարցին՝ չէ՞ որ նրանց խնդիրները կամ փոխըմբռնումը և համագործակցությունը Թուրքիայի իշխանությունների դեմ կամ հետ են, այլ ոչ թուրք ժողովրդի և հասարակության: 2015թ. նոյեմբերին Սիրիայի տարածքում ռուսական ռազմական օդանավը խոցվել էր Թուրքիայի իշխանությունների ցուցումով, ուստի արձագանքն էլ տրամաբանական էր: Նույն տրամաբանությունն էլ գործում է դեսպանի սպանության հարցում. ներկա իրողությունների պարագայում Թուրքիայի իշխանությունները որևէ կերպ չեն ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանն, իսկ թուրք հասարակությանը և առհասարակ որևէ հասարակության և ժողովրդի ինքնուրույն պատասխանել ոչ միայն Մոսկվան, այլև որևէ արտաքին դերակատար ի զորու չէ:



Նման նյութեր