ՀԱՅՈՑ ՀԱՑԵՐԻ ԱՐՔԱՆ` ԼԱՎԱՇԸ
Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից դժվարությամբ հաց քամելու արդար վաստակով, ինչպես ասում են` քարից հաց քամելով: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակում: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիր: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է: Այն թխում են մինչև 1,5մ խորության և 80սմ տրամագծով թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև հարմարությունում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը որպես ջեռոց, ջերմամշակման գործիք հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:
Եթե երբևէ մասնակցեք մագաղաթի թերթեր հիշեցնող լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողությունն է: Գնդերը կլոր լավաշների ձևով փայտե գրտնակով գրտնակելուց հետո գցում են ձվաձև փափուկ բարձի վրա,որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ, և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:
Լավաշը զուտ հայկական հաց է: Ճշմարտությունը այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով նա կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ,որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը,պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը:
Եվ ինչպես ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովն է բնութագրել` «Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են»։
ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ
Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի` ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ Ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց,որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը,պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:
Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին: Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:
Աստվածների հարսանեկան լավաշի ավանդազրույցը
Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսնիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Եվ մինչ այսօր, հարսնիքի ժամանակ, հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:
Կախարդական լավաշի խորհուրդը
Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից, մեր պապիկների ու տատիկների խրատներից ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988թվականին ,«Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ», հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշւմ է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում:
Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:
Ալվինա Բաբայանի էջից:
ՀԱՅՈՑ ՀԱՑԵՐԻ ԱՐՔԱՆ` ԼԱՎԱՇԸ
Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան…
Posted by Alvina Babayan on Thursday, November 1, 2012