COVID-19-ի թեթեւ ձեւ ունեցող, սակայն երկարաժամկետ հետքովիդային համախտանիշով տառապող մարդկանց մոտ ուղեղի գործունեության խափանումներ են դիտարկվում: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Clinical and Translational Neurology ամսագրում:
MedicalXpress-ը հայտնում է, որ հետազոտության հեղինակները վերլուծել են 21 նահանգների բժշկական հաստատություններից ստացված տեղեկատվությունը SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակով 100 հիվանդների մասին, ովքեր չեն հոսպիտալացվել: Պարզվել է, որ հիվանդների 85%-ը ունեցել է առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ, այդ թվում՝ գիտակցության մթագնում, գլխացավ, թմրություն կամ ծակոց: Այլ ընդհանուր ախտանիշներից են եղել համի կամ հոտի կորուստը, տեսողության վատթարացումը, գլխապտույտը կամ ականջներում զնգոցը:
Շատ դեպքերում նյարդաբանական ախտանիշները տեւել են մի քանի ամիս, իսկ երբեմն` գրեթե մեկ տարի: Շատ պացիենտներ հայտնել են ընկճված կամ տագնապած վիճակի մասին, ինչը կարող է վկայել հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի վարակ տանելուց հետո երկարատեւ ախտանիշների բարձր ռիսկի մասին: