Ռուսաստանում օրինապաշտ միգրանտներին կփրկեն արտաքսումից
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում օրինապաշտ միգրանտներին կփրկեն արտաքսումից

Ռուսաստանի ՆԳՆ-ն օրենսդիրների հետ համատեղ աշխատում է մի փաստաթղթի վրա, որը կպաշտպանի օրինապաշտ միգրանտներին աննշան խախտումների համար արտաքսումից։ Տեղեկությունը հայտնում է  «Պառլամենտսկայա գազետա» թերթը:

Մշակողները նշում են, որ, օրինակ, կարմիր լույսի տակ անցնելու պատճառով օտարերկրացիներին չի կարելի բաժանել ընտանիքից, ուստի կարևոր է վերանայել այն իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիներին արտաքսում են ՌԴ-ից:

Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկու խոսքով՝ օրինագծի առաջին տարբերակը պետք է պատրաստ լինի 2021 թվականի ապրիլին:

Դրանից հետո պատգամավորներն աշխատանքային խումբ կստեղծեն ՆԳՆ ներկայացուցիչների հետ փաստաթուղթը քննարկելու համար։

Նա նշոււմ է, որ շատ օտարերկրացիներ տարիներով Ռուսաստանում են ապրում, նրանք այստեղ մշտական աշխատանք, ընտանիք, երեխաներ ունեն։ Այսօր մի քանի տուգանքներ, որոնք չեն սպառնում հասարակական կարգին, կարող են երկար տարիներով բաժանել միգրանտներին հարազատներից։

Նոր փաստաթուղթը պետք է փոխի իրավիճակը։

«Եթե միգրանտը մեկ տարվա ընթացքում երկու տուգանք ստանա, նրան կստիպեն երեք տարով լքել Ռուսաստանը։ Եթե խախտումները եղել են 2-ից ավելի՝ արդեն հինգ տարի է դառնում։ Կրկնակի արտաքսման դեպքում մուտքի արգելքը կտևի արդեն տասը տարի», – պարզաբանել է փորձագետը։

Վոդոլացկին նշել է, որ փաստաթղթից կվերացնեն իրավախախտումների աննշան խախտումները՝ թողնելով այն խախտումները, որոնք իսկապես հասարակության համար վտանգ են ներկայացնում:

Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Ռուսաստանը աշխատանքային միգրանտների սուր պակաս է զգացել։ Փակ սահմանների պատճառով նրանք չեն կարողացել արտագնա աշխատանքի գնալ։

Այդ կապակցությամբ 2021-ի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել էր քննարկել ԱՊՀ երկրներից աշխատողների ներգրավման պարզեցված կարգ սահմանելու հարցը:

armeniasputnik.am