Իսպանիայում Կապառոսին հայ են անվանում, Ռումինիայում պահանջում են մարզչի հրաժարականը
Advertisement 1000 x 90

Իսպանիայում Կապառոսին հայ են անվանում, Ռումինիայում պահանջում են մարզչի հրաժարականը

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը հայ է դարձել։ Այս մասին գրում է իսպանական «Marca»–ն։

«Խոակին Կապառոսն արդեն հայ է դարձել, այդ պատճառով էլ իր հաղթանակը տոնում է Հայաստանի հետ։ Լեգենդար իսպանացի մարզիչն այժմ գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականը, որի հետ երեք հաղթանակ է տարել Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում», – գրել է կայքը և Հայաստանի հաղթանակի մասին տեսանյութ հրապարակել։

Մինչդեռ Ռումինիայում սկսել են պահանջել իրենց հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականը։ Թեման նախ սոցցանցերում բարձրացրին Ռումինիայի հավաքականի երկրպագուները, իսկ հետո այդ մասին խոսեցին նաև պաշտոնատար անձինք։

Մասնավորապես Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջասթին Ստեֆանը քննադատել է Ռեդոյին ՝ ընդգծելով, որ ֆեդերացիայում պետք է արմատական փոփոխություններ արվեն:

«Հայաստանից կրած պարտությունը նվաստացուցիչ էր։ Աշխարհի առաջնությունում հայտնվելու միայն տեսական շանսեր մնացին»,- գրել է Ստեֆանը Facebook-ի իր էջում։

Հիշեցնենք` մարտի 31-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին:

Երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը 9 միավորով դարձավ միանձնյա առաջատար։ Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական, Իսլանդիան ու Ռումինիան՝ 3-ական միավոր։ Լիխտենշտեյնը դեռ ոչ մի միավոր չի վաստակել։

armeniasputnik.am